Նորություններ
Իրականացվեց բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը
29.10.2015

Գավառ քաղաքում ՀՀ Պաշտպանության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կայացավ բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումը: ՀՀ ՊՆ բանակային չորրորդ զորամիավորման հրամանատարությունը Գավառի մշակույթի պալատում հրավիրված միջոցառման ժամանակ խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած գեղարքունիքցի 24 զինծառայողներին ու նրանց ծնողներին:Միջոցառման սկզբում Տերունական աղոթք հնչեցրեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը` իր խոսքում խաղաղություն մաղթելով մեր հայրենիքին, անվտանգ ու ապահով ծառայություն` Հայոց բանակի զինվորներին: Ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին եւ ծնողներին դրվատեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: <<Դուք հերոս զավակներ եք ծնել, ովքեր այսօր անսասան կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում: Սիրելի ծնողներ, մեր փոխադարձ շփումների ընթացքում դեռ չի եղել զորամիավորման կամ զորամասի մի հրամանատար, որ դժգոհություն հայտնի Գեղարքունիքի մարզից զորակոչված զինծառայողներից, եւ ինձ մնում է միայն հպարտանալ ձեզնով ու ձեր զավակներով: Պատմության մեջ առաջին անգամ մենք մեր հակառակորդին կարողացանք ցույց տալ, որ ուժը քանակի մեջ չէ, եւ այդ հաղթանակին տեր կանգնողն այսօր ձեր հերոս տղաներն են>>-իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Զարամիավորման հրամանատարությանը իր շնորհակալական խոսքն ուղղեց զինծառայողի ծնող Կարինե Հովհաննիսյանը: Պարգեւատրման արարողությունից առաջ ելույթ ունեցավ ՀՀ ՊՆ բանակային չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: <<Երբ մենք ունենք ազգասիրություն, հայրենապաշտություն ու անպարտ ոգի, թշնամու ամեն մի սպառազինություն ու քանակական առավելություն ի չիք են դառնում, ինչպես որ եղավ Արցախում: Եվ ես համոզված եմ, որ նման ոգով, որ կրում են ձեր զավակները, հնարավոր կլինի ոչ միայն պաշտպանել եղածը, այլ նաեւ հետ բերել մեր մյուս կորսված աշխարհները>>-ներկաներին դիմեց Անդրանիկ Մակարյանը:
Միջոցառման մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Գավառ քաղաքի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Այնուհետ զորամիավորման հրամանատար,գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը շնորհակալագրերով պարգեւատրեց աչքի ընկած զինծառայողնեորի ծնողներին: Բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեց ՀՀ ՊՆ բանակային չորրորդ զորամիավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանին: ՀՀ ՊՆ բանակային չորրորդ զորամիավորման հրամատարի շնորհակալագրով պարգեւատրվեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: