Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի ուշադրությունը հրավիրեց գյուղական տուրիզմի զարգացման ներուժին
22.10.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության <<Աֆրատ>> տուրիստական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Սավիեին: Հանդիպումը կայացավ ֆրանսիական կողմի խնդրանքով, ՀՀ Գեղարքունիքի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզեր մարզերի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում: Սեբաստիեն Սավիեն նշեց, որ հանդիպման գլխավոր թեման Գեղարքունիքի մարզում տուրիզմի ոլորտում վերջին 3 տարիների ընթացքում կատարված աշխատանքերի ամփոփումն է եւ հետագա անելիքների ծրագրումը, որոնք պետք է քննարկվեն այս տարվա նոյեմբերի 18-19-ին Ֆրանսիայում կայանալիք տուրիստական համաժողովի ժամանակ:Համագործակցության երեք տարիները տուրիզմի ոլորտում դրական գնահատելով` մարզպետը հավաստեց, որ մարզպետարանն այսուհետ էլ կշարունակի համագործակցությունը, բայց արդեն ավելի հասցեական ծրագրերով: Ռաֆիկ Գրիգորյանը կարեւորեց գյուղական տուրիզմի զարգացումը եւ այնպիսի կառույցի հիմնումը, որը կկարողանա համակարգել տուրիստական ծրարգրերի ներդրումն ու զարգացումը Գեղարքունիքի մարզում:<<Մեր համատեղ աշխատանքը պետք է դառնա ավելի առարկայական, ինչը տեսանելի է առողջապահական ոլորտում, որտեղ տեղի են ունենում տեխնիկական վերազինումներ, մասնագիտական վերապատրաստումներ: Այս ոլորտում էլ պետք է հստակ արդյունքը երեւա: Մեծ ներուժ եմ տեսնում գյուղական տուրիզմի զարգացման ուղղությունում, որին կարելի է զարկ տալ համատեղ ուժերով: Բացի այդ, մենք պետք է ունենանք համակարգող կառույց, որը կզբաղվի տուրիստական առանցքային խնդիրներով: Իսկ եթե մարզի ամենատարբեր համայնքներում ունենանք մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ, ովքեր կծանոթանան գյուղական կյանքին, ազգային ավանդույթներին ու մշակույթին, կարժանանան հայկական հյուրասիրությանը, այնժամ կարձանագրենք, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը եւ համագործակցությունը գնում են ճիշտ հունով: Ի վերջո, տուրիզմը մարզպետների փոխադարձ այցերով չի զարգանալու, այլ` հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների կենդանի շփումներով >>-նշեց մարզպետը:<< Աֆրատ >> կազմակերպության ներկայացուցիչն առաջարկեց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տուրիստական մարզային գրասենյակ հիմնել, որը կգործի հհիմնադրամի կարգավիճակով եւ կունենա հոգաբարձուների խորհուրդ, որում ընդգրկված կլինեն, ինչպես մարզպետարանի, այնպես էլ` քաղաքային համայնքների ներկայացուցիչներ:Երկուստեք քննարկումներ եւ առաջարկներ եղան տեղեկատվական գրքույկների, համացանցային նյութերի, տեսաֆիլմերի ստեղծման եւ տարածման շուրջ: