Նորություններ
Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը
21.10.2015

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Օրակարգային առաջին` համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա իր զեկույցում նշեց, որ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի մեկի դրությամբ կազմել է 83,1 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ նվազել է 3,6 տոկոսով: Չնայած իրավիճակը շտկելու համար մարզպետի կողմից տրված հրահանգներին` հոկտեմբերի առաջին 19 օրերի դիտարկումներով նույնպես նկատվել է սեփական եկամուտների հավաքագրման նվազեցման հերթական միտումը: Ըստ վարչության պետի` փաստացի հավաքագրման արդյունքներով նկատվել է 5,2 տոկոսի նվազում, հակառակ նրան, որ ակնկալվում էր ավելի բարձր ցուցանիշներ: Մինչեւ տարեվերջ մնում է երկու ամիս, եւ թերացող համայնքները պետք է հասցնեն հավաքագրել սեփական եկամուտներն ամբողջոթւյամբ: Զեկուցողն անդրադարձավ որոշ համայքներում առկա պարտքերի մարման ժամանակացույցի կատարման ընթացքին: Օրակարգային երկրորդ` Գեղարքունիքի մարզի 2015 թվականի բերքահավաքի արդյունքների ամփոփման հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ մարզում բերքահավաքը մոտենում է ավարտին, որի արդյունքում, չհաշված երաշտի պատճառած վնասները, տնտեսություններին հաջողվել է ապահովել լավ արդյունքներ: Վարչության պետը հավելեց, որ մարզի տնտեսություններում 2013-14 թվականների ընթացքում առանձին համայնքների, ըստ ներկայացված պահանջարկի, պետության կողմից հատկացվել է աշնանացան ցորենի բարձրորակ սերմացու` բերքահավաքից հետո այն վերադարձնելու պայմանով, եւ ազոտական պարարտանյութ` սուբսիդավորված գներով, որոնց դիմաց համապատասխան վճարումներ դեռեւս չեն արվել:
Մարզի համայնքների գլխավոր հատակագծեր կազմման մասին հայտարարությամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանը: Ամփոփելով նիստի աշխատանքները` Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը մարզխորհրդի անդամներին հրահանգեց` սեղմ ժամկետներում բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները, պետությանն ունեցած պարտքերի մարումը կատարել ըստ կնքված ու հաստատված ժամանակացույցի, կտրուկ միջոցներ ձեռնարկել պետության կողմից հատկացված սերմացուի եւ պարարտանյութերի դիմաց առկա պարտքերի մարման ուղությամբ: