Նորություններ
Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագծի նախնական տարբերակը քննարկվեց Գեղարքունիքի մարզպետարանում
08.10.2015

ՀՀ առողջապահության նախարարության <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>>-ի կողմից Գեղարքունիքի մարզպետարանում քննարկման ներկայացվեց Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագծի նախնական տարբերակը: Քննարկմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարարության <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>>-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը, առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Սեւանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի տնօրենները, նախագծողները:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հայտնեց, որ արդեն ավարտված են Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագծման աշխատանքները, եւ նախագծի նախնական տարբերակի շուրջ արվող առաջարկությունները հաշվի կառնվեն հետագա քննարկումների ընթացքում: ՀՀ առողջապահության նախարարության <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>>- ի տնօրեն Նելսոն Զուլոյանը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից հատկացվելու է 2 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլար: Ներկայացված հատակագծի համաձայն՝ նորակառույց բժշկական կենտրոնը վեր է բարձրանալու Սեւան քաղաքի պոլիկլինիկայի հարեւանությամբ, ունենալու է երկու հարկ եւ 2700 քառակուսի մետր մակերես, 40 մահճակալանոց հզորություն, շտապ եւ անհետաձգելի հիվանդությունների սենյակ, արդի բուժսարքավորումներով հագեցած համապատասխան բաժանմունքներ: Քննարկման մասնակիցները հանդես եկան տարաբնույթ առաջարկներով: Հանդես գալով ամփոփիչ խոսքով՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ծրագրի իրականացման բաղադրիչներից ու նախապայմաններից մեկը Սեւանում գործող երկու բուժհիմնարկների՝ հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումն էր մեկ կառույցի մեջ, որը կատարվում է սահմանված ժամկետների մեջ:<<Գործընթացը կարելի է համարել սկսված:Համոզված եմ, որ երկու տարի անց մենք Սեւանում կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան, նորակառույց բժշկական կենտրոն, իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում ավարտին կհասցնենք բժշկական կենտրոնի արդիականացման ծրագրերը Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում՝ ավարտին հասցնելով մարզի առողջապահական համակարգի նորացման ու արդիականացման բոլոր ծրագրերը>>-նշեց մարզպետը: