Նորություններ
Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ եւ առաջնորդությամբ Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում մատուցվեց առաջին Պատարագը
04.10.2015

Գեղարքունյաց թեմի մայր եկեղեցում այսօր նշանավորվեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի պաշտոնավարման առաջին օրով, նրա կողմից մատուցված կիրակնօրյա Պատարագով եւ Ջրօրհնեքի արարողությամբ, որն օծվեց նոր օրհնված Սուրբ մյուռոնով: Սուրբ պատարագին նախորդեց խոստովանության կարգը, որը կատարեց Գեղարքունյաց թեմի նախկին առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Սուրբ պատարագի, թեմակալության ընդունման եւ ջրօրհնեքի արարողություններին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մի շարք համայնքների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակիցներ, Գավառ քաղաքի եւ շրջակա համայնքների հավատավորներ: Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրեց թեմի նոր առաջնորդական տեղապահին:ՙԱյսօր ինձ համար անկրկնելի ուրախ օր է, որովհետեւ տեւական բաժանումից հետո կրկին կարողացանք մեր սերը միմյանց հետ փոխանակելու: Այսօր կրկնակի շնորհավորանք է Հայր Կիրակոսն ընդունում հավատավորներից` թեմակալության եւ վարդապետական աստիճանի շնորհման: Հոգեւոր սպասավորության նշանակալի ճանապարհ է անցել Կիրակոս վարդապետը` ծառայելով Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի, Նոր Նախիջեւանի թեմերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սիրելի հայր սուրբ, համոզված եմ, որ այս նվիրական կամարները` ներծծված մեր հայրերի աղոթքով, եւ մեր հավատավոր ժողովուրդը սրտանց են դիմավորում Ձեզ: Վստահ եմ, որ մեր հայրենի հավատին կշարունակեք ծառայել նույն եռանդով ու հոգով, ինչպես որ ծառայել եք այլ պաշտոններում: Թող Աստված զորավիգ լինի մեր հայրենիքին՚,-ասաց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Կիրակոս վարդապետ Դավթյանը, ողջույնի խոսք հղելով ներկաներին, նշեց, որ առաջնորդական տեղապահի պաշտոնն իր համար ավելի շուտ Աստծուն ու հայրենի հավատին ծառայելու հնարավորություն է, հավատավոր հոտի հետ Աստծո գործերն առաջ տանելու միջոց:ՙԻնձ նախորդած թեմի առաջնորդներից յուրաքանչյուրը մնայուն գործեր է թողել, որոնք պետք է շարունակենք միասին: Ես հրաշքներ չեմ խոստանում, բայց հավատում եմ, որ ամեն մեկիս ձեռնարկած ամենափոքրիկ գործից կարող են ծնվել հրաշքներ: հավատացած եղեք, որ սրտից բխած Աստվածահաճո ցանկությունը կարող է ծնել անհավանական հրաշքներ, եւ մենք միասին կկարողանանք նոր շունչ ու ոգի հաղորդել մեր հավատի զորությանը՚,-նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:Ապա մատուցվեց Սուրբ պատարագ` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի: Թեմի առաջնորդական տեղապահը Պատարագի ավարտին կատարեց նաեւ Ջրօրհնեքի արարողություն` Սուրբ ջուրն օծելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր օրհնված մյուռոնով: