Նորություններ
ՀՀ ԶՈՒ բանակային երրորդ կորպուսի հրամանատարությունը խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած 30 զինծառայողի
02.10.2015

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությամբ կայացավ կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 30 զինծառայողների եւ նրանց ծնողների հանդիպումը: Զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով: Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Оնիկ Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզի ԵԿՄ անդամներ, Երրորդ բանակային կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դրվատեց ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի հրամանատարության նախաձեռնությունը եւ շնորհակալություն հայտնեց իրենց զորամասերում պարտաճանաչ ծառայությամբ աչքի ընկած զինվորներին ու նրանց ծնողներին: <<Սիրելի զինվորներ, կեցցե'ք. մենք հպարտ ենք ձեզնով: Դուք մեր պատմության էջերում պատմություն եք կերտում` ձեր անպարտելիությամբ: Տեւական ժամանակ է, ինչ մեր պետական, քաղաքական ու հասարակական գործիչներն այցելում են սահմանապահ զորամասեր ու դիրքեր, քաջալերում մեր անդորրը հսկող հայ զինվորներին: Ես վստահ եմ, որ այս հանդիպման բարի ավանդույթը շարունակություն կունենա»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:Ներկաները դիտեցին ՀՀ ԶՈւ բանակային երրորդ կորպուսի կազմավորման եւ տարեգրության մասին պատմող վավերագրական ֆիլմ: Ելույթներով հանդես եկան նաեւ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի եւ Գավառի երաժշտական ուսումնարանի սաները: Հայկական բանակի հզորության, բանակաշինության հետագա ամրապնդման մասին խոսեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: <<Մեր զինվորներ անպրտելի ոգու, բարձր մարտունակության շնորհիվ միայն կարող ենք պահպանել մեր սահմանները: Սիրելի ծնողներ, եթե կա այդ անսասան ոգին, ապա դա ձեր ներդրումն է, եւ այդ դեպքում ոչ միայն մեր սահմաններն են անառիկ, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունն է հուսալի ձեռքերում է»,- նշեց կորպուսի հրամանատարը: Քաջալերանքի խոսքեր հնչեց զինվորի հայր Կարեն Ավետիսյանի կողմից:
Գեղարքունիքի մարզի ԵԿՄ ղեկավարության կողմից զինծառայողներից ութ լավագույնները պարգեւատրվեցին պատվոգրերով: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրով պարգեւատրեց երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին: