Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

02.09.2015

Սեպտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամները: Այն վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: ,,2015 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի 91 համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բացարձակ թվերով կազմում է 640.4 մլն դրամ` 2014թվականի նույն ժամանակահատվածի 679,1 մլն դրամի փոխարեն: 2015թվականի 8 ամիսների պլանը կատարվել է 79,4 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88,6%-ի դիմաց,,- իր զեկուցման մեջ նշեց վարչության պետը: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց մինչև սեպտեմբերի 30-ը ավելի կոնկրետ և առարկայական քայլեր ձեռնարկել եկամուտների հավաքագրման գործընթացը հաջողությամբ իրականացնելու և այն 100%-ի հասցնելու համար: Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի 2015 թվականի բերքահավաքի արդյունքներին և աշնան գյուղատնտեսական աշխատանքներին, նշվեց, որ մարզում արդեն ավարտվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, որի ընթացքում գյուղտեխնիկայի և հացահատիկահավաք կոմբայնի պակաս մարզը չի ունեցել: Մարզում ժամանակին են կատարվել նաև ոռոգման աշխատանքները: Արդեն ընթանում են աշնանացանի աշխատանքները, որի նպատակով ՀՀ կառավարության աջակցությամբ մարզ է ներկրվել մոտ 220 տոննա բարձր վերարտադրության սերմացու: Մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության տվյալներով մարզում արդեն կատարվել է մոտ 2500 հեկտար աշնանացան: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ և Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ մարզում ստեղծված հանձնաժողովը իրականացրել է Գեղարքունիքի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սանիտարահիգիենիկ վիճակի ուսումնասիրություն, որի արդյունքների ամփոփ տեղեկատվությունը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Սաշա Բավեյանը: Ըստ զեկուցման ուսումնասիրությունները կատարվել են մարզում գործող 46 նախադպրոցական ուսումնական հաստատություններում, արձանագրվել  են մի շարք թերություններ և բացթողումներ, որոնց շտկման ուղղությամբ տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Զեկուցման մեջ նշվեց նաև, որ համայնքներում ևս ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ, որոնք արձանագրված խնդիրների կարգավորման վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն են ներկայացնում մարզպետարան: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ծառայության կողմից Գեղարքունիքի մարզի սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրած շեղումները: Առաջարկություն եղավ սեղմ ժամկետում կարգավորել գրանցած բոլոր տեսակի խնդիրները և պարբերաբար մարզպետարան ներկայացնել տեղեկատվություն: Ամփոփելով մարզի խորհրդի աշխատանքները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկի վերաբերյալ հայտերի ընդունումը, և եթե համայնքները ունեն անհրաժեշտություն, ապա հարկավոր է սեղմ ժամկետում դրանք ներկայացնել: Մարզի ղեկավարը անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտում իրականացվող այլ բնույթի ծրագրերի, դրանցից առանձնացնելով համայնքներում գյուղատնտեսական կոոպերացիաների հիմնումը և գյուղտեխնիկաների ձեռքբերման պահանջարկի հետ կախված խնդիրները: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց նաև ՀՀ սոցներդրումների հիմնադրամի կողմից մարզի նախակրթական հաստատություններում ըստ առաջնահերթության խնդիրների կարգավորման, ինչպես նաև մարզում նոր նախակրթարաններ հիմնելու, սոցիալ-տնտեսական բնույթի այլ խնդիրների լուծման մասին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10