Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց մարզի դպրոցներում

01.09.2015

Սեպտեմբերի 1-ին դպրոցականներին և մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ մի քանի դպրոցներում: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցում Ռաֆիկ Գրիգորյանը ներկա գտնվեց առաջին զանգին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այս ուսումնական տարում դպրոցը կունենա 5 առաջին դասարան, որտեղ կհաճախեն 140  սաներ: Մոտ 900 աշակերտ ունեցող դպրոցում Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ այս տարի տնտեսված միջոցների հաշվին մասսամբ փոխվել են միջանցքների և դասասենյակների պատուհանները, վերանորոգվել է դպրոցի մուտքը, կառուցվել է սանհանգույց և թեքահարթակ, իր ելույթում նշեց դպրոցի տնօրենը: Մանկավարժական կոլեկտիվի հետ ունեցած հանդիպման ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց  նրանց մտահոգող հարցերին, խոստացավ հնարավորության դեպքում աջակցել դպրոցի ցանկապատման, դպրոցական գույքի ձեռքբերման, շենքային պայմանների բարելավման և այլ բնույթի հարցերում: Դրվեց նաև նշված դպրոցում նախակրթարան բացելու հավանականության խնդիրը: Առաջիկայում պետական բյուջեի միջոցների հաշվին կսկսվեն Սևան քաղաքի N1 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները, նշված դպրոցում ունեցած հանդիպման ընթացքում տեղեկացրեց մարզի ղեկավարը: Այստեղ աշակերտների թիվը հասնում է 687-ի, որից 95-ը` առաջին դասարանցիներ են: Մանկավարժները իրենց ոգևորությունն արտահայտեցին նորացվող դպրոցի աշխատանքների հարցում, խոստանալով ավելի  ջանասիրաբար աշխատել և կրթության գործընթացը պատվով առաջ տանել: Այստեղ ևս քննարկվեցին դպրոցական գույքի, լաբորատոր սարքավորումների անհրաժեշտության և նախակրթարան ստեղծելու խնդիրները: Վերջինիս առիթով մարզպետը հանձնարարեց կատարել լրացուցիչ ուսումնասիրություն և ներկայացնել առաջարկություն: Սևան քաղաքի ավագ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը ավագ տարիքի դպրոցականների հետ զրույց ծավալեց նրանց մասնագիտական կողմնորոշվածության շուրջ: Դպրոցի մանկավարժները հպարտությամբ փաստեցին, որ նախորդ ուսումնական տարում դպրոցից տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ են դիմել 66 շրջանավարտներ, որոնցից 64-ը ընդունվել են : Անդրադառնալով այս դպրոցի հիմնանորոգման խնդրին, Ռաֆիկ Գրիգորյանը փոխանցեց ՀՀ ԿԳ նախարարի` Սևանի ավագ դպրոցը առաջիկա վերանորոգման ծրագրերում ընդգրկելու խոստումը: Մանկավարժները մարզի ղեկավարի հետ քննարկեցին իրենց մտահոգող մի քանի հարցեր: Գեղարքունիքի մարզպետը այնուհետև եղավ Վարսեր համայնքի միջնակարգ դպրոցում: 146 աշակերտ ունեցող դպրոցն այս տարի ընդունել է 17 առաջին դասարանցի: Դպրոցն ունի վերանորոգված տանիք, մասսամբ փոխված պատուհաններ: Հանդիպման ընթացքում  այս կրթօջախում հրատապ համարվեցին ջրամատակարարման բարելավման, մարզադահլիճի հիմնանորոգման, նախակրթարան հիմնելու խնդիրները: ,, Հանրակրթության ոլորտին վերաբերող բոլոր տեսակի խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և հոգածության ներքո , և դրանք կարգավորվում են քայլ առ քայլ, ինչը տեսանելի է նաև Գեղարքունիքի մարզի շատ ու շատ դպրոցներում: Հարկավոր է լինել համբերատար, ցուցաբերել աշխատանքային բարձր պատասխանատվություն, առաջ տանել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության պատվաբեր գործը և համոզված եղեք, որ 2-3 տարիների ընթացքում բոլոր նման խնդիրները լուծված կլինեն,, զրույցի ընթացքում նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Գեղամավան համայնքի միջնակարգ դպրոցում նոր ուսումնական տարին դիմավորել են գրեթե առանց խնդիրների, տեղեկացրեց դպրոցի տնօրեն Շահան Գրիգորյանը: Դպրոցն ունի 144 աշակերտ, այս տարի դպրոց է հաճախում 16 առաջին դասարանցի: Միակ խնդիրը թերևս կապված էր դպրոցական սեղան նստարանի անհրաժեշտության հետ, որին Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ լուծում տալ: Մարզի ղեկավարը եղավ նաև դպրոցում գործող նախակրթարանում, որտեղ հաճախում են 16 նախադպրոցական տարիքի երեխաներ: Ծաղկունքի բաց դպրոցում Գեղարքունիքի մարզպետը անմիջական զրույց ունեցավ մանկավարժական կոլեկտիվի հետ, ներկայացրեց մի քանի առաջարկություններ, որոնք վերաբերում էին աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, մանկավարժական կադրերի համալրմանը, դպրոցական շենքի պահպանմանը: Դդմաշեն համայնքի միջնակարգ դպրոցում սովորողների թիվը 215-ն է, որից 22-ը` առաջին դասարան հաճախողներն են, իսկ Զովաբեր համայնքի միջնակարգ դպրոցում այս տարի կսովորեն 193 աշակերտներ, որոնցից 10-ն են առաջին դասարանցիներ: Այս դպրոցում հրատապ է սանհանգույցների հիմնանորոգման խնդիրը, որի շուրջ Ռաֆիկ Գրիգորյանը տվեց համապատասխան հանձնարարություն: Նշված երկու դպրոցներում ևս նոր ուսումնական տարին դիմավորել են բարձր տրամադրությամբ և աշխատանքային պատրաստակամությամբ, հավաստեցին մանկավարժները: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը զրուցեց նրանց հետ, շնորհավորեց նոր ուսումնական տարվա առթիվ և հորդորեց առաջնորդվել այն բարեփոխումներով, որոնք ընթանում են կրթական համակարգում, խոստանալով միջոցների առկայության դեպքում լուծում տալ բոլոր բարձրացված հիմնախնդիրներին և նպաստել մարզի կրթության համակարգի էլ ավելի բարելավմանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-19 14:40:10