Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսը

26.08.2015

Օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսը: Այն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 2014-15 ուսումնական տարվա կազմակերպած աշխատանքների և 2015-16թթ անելիքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Ըստ զեկուցման` հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները նպատակաուղղվել են ապահովելու կրթության որակի բարձրացումը, համակարգի արդյունավետ գործունեությունը, կրթություն ստանալու հավասար մատչելիությունը: Ուշադրություն է դարձվել դպրոցների ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը, հատուկ կրթության և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, նախադպրոցական կրթության համակարգի մատչելիության ապահովմանը: Որոշակի աշխատանք է կատարվել նաև ներառական կրթության ընդլայնման առումով, դպրոցները մանկավարժական կադրերով համալրելու ուղղությամբ: Առանձնակի ուշադրություն է դարձվել հաստատությունների տնօրենների կողմից իրավական ակտերի կատարմանը և ՀՀ օրենդրությանը դրանց համապատասխանությանը: Աշխատանքներ են իրականացվել դպրոցները համակարգչային տեխնիկայով և տեղեկատվական տեխնոլոգիաներով վերազինելու և կրթական գործընթացին նպաստող բազմաթիվ ուղղություններով:
Նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում անդրադարձավ հատկապես այն խնդիրներին, որոնց հետ նոր ուսումնական տարում ավելի հաճախ է հնարավոր առնչվել: Ըստ նախարարի` ՀՀ Աժ-ի հաստատմամբ 2017 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների համար նվազագույն կրթական շեմը հանդիսանալու է 12-ամյա կրթությունը: Նշվեց նաև, որ պետությունը համարժեք ֆինանսական հատկացումներ է կատարել, կրթությունը արհեստագործական հոսքերում կազմակերպելու ուղղությամբ: Արմեն Աշոտյանն իր ակնկալիքները փոխանցեց մարզի կրթության համակարգի ներկայացուցիչներին, կրթության զարգացման պետական նոր` 10-ամյա ծրագրի կազմման աշխատանքներին մասնակցելու համար: Խոսելով կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին կրթական ծառայություն մատուցելու գործընթացի մասին, նախարարը կարևորեց առաջիկայում մարզում համընդհանուր ներառական կրթության ցանց ստեղծելը, ինչի արդարացված նախադեպը կա Տավուշի մարզում: ,,Դպրոցներում տնօրեն աշխատելու թույլտվության հավաստագրի հետ կապված ԿԳ նախարարությունը մշակել է նաև նոր կարգ, որը թույլ է տալիս նաև տնօրենին զրկել հավաստագրից: Ես համոզված եմ, որ Գեղարքունիքի մարզի տնօրենները իրենց աշխատանքները կկազմակերպեն այնպես, որպեսզի առիթ չունենան առնչվելու նոր կարգով սահմանված չափորոշիչների հետ: Գեղարքունիքի մարզի կրթական համակարգում տարակարգ ունեցող մանկավարժների թիվը  սակավ է: Ուստի ես խնդրում եմ լինել համարձակ և մտնել տարակարգ համակարգի մեջ, ինչը և խթանելու է մանկավարժի մասնագիտական շարունակական կատարելագործումը,,- իր խոսքում նշեց Արմեն Աշոտյանը: Նախարարը կարևորեց դպրոցներում ,,Պատանի երկրապահների ակումբ,,-ների ստեղծումը և ,,Ազգային երգ ու պար,, առարկայի դասավանդումը: ,,Համաշխարհային բանկի նոր ծրագրով բոլոր մարզերում, այդ թվում և Գեղարքունիքի մարզում, մենք պատրաստ ենք բացել նվազագույնը 10 նոր նախակրթարաններ, և եթե կարիքը լինի և համայնքը պատրաստակամություն հայտնի, նաև` ավելին,, - տեղեկացրեց Արմեն Աշոտյանը: Իր ելույթի ավարտին կրթության նախարարը տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվա նախաշեմին մարզի բոլոր ավագ և խոշոր միջնակարգ դպրոցներին կտրամադրվի դպրոցական գույք և որոշ սարքավորումներ:
Ամփոփելով կոնֆերանսի աշխատանքները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հատկապես անդրադարձավ դպրոցական շինարարությանը: Ըստ մարզի ղեկավարի` սեպտեմբեր ամսին կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում կսկսվեն Սևան և Մարտունի քաղաքների ավագ դպրոցների շինարարական աշխատանքները: ,,ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Գեղարքունիքի մարզի 3 վթարային և 4-րդ կիսավթարային դպրոցների կառուցման համար առաջիկայում կհայտարարի մրցույթ: Կայացած մրցույթի արդյունքում առաջնահերթությունը կտրվի Գավառ քաղաքի N2 միջնակարգ դպրոցի կառումանը,, - տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետը: Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ այս տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ավարտին կհասցվի Հայրավանքի և Սևանի N2 միջնակարգ դպրոցների շինարարությունը: Մարզպետը աննախադեպ համարեց մարզի 21 դպրոցներում տնտեսված միջոցների հաշվին նորոգման աշխատանքներ կատարելը, և հորդորեց մնացած դպրոցների ղեկավարներին ընդօրինակել այդ նախաձեռնությունը: ,, Մենք այս աշխատանքների ընթացքում հատկապես կարևորում ենք դպրոցներում սանհանգույցների կառուցումն ու ջրամատակարարման ապահովումը, որից հետո, նման միջոցների առկայության դեպքում, առաջնահերթությունը կտրվի ջեռուցման գործընթացի բարելավմանը,, նշեց մարզպետը: Խոսվեց նաև դպրոցական սննդի ապահովման աշխատանքներում սանիտարական նորմերի պահպանման, հանրակրթության ոլորտում ի հայտ եկած մի շարք խնդիրների և բացթողումների մասին: Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը և Գեղարքունիքի մարզպետը շնորհավորեցին ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36