Նորություններ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում
12.08.2015

Օգոստոսի 12-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը անդրադառնալով մարզպետարանի ստորաբաժանումների կողմից պաշտոնական գրություններին պատասխանելու և դրանք առաքելու գործընթացին, վարչությունների ու բաժինների պետերին հանձնարարեց խստագույնս պահպանել հանձնարարակնների կատարման ու գրությունների առաքման համար սահմանված ժամկետները: Այնուհետև մարզպետարանի գյուղվարչության պետը ներկայացրեց մարզում հացահատիկի բերքահավաքի ընթացքը, խոսվեց ոլորտին առնչվող այլ հարցերի մասին: Ռաֆիկ Գրիգորյանը անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի տրամադրման գործընթացին, հանձնարարելով վարչության պետին անհրաժեշտության դեպքում սկսել համայնքներից հայտերի ընդունման գործընթացը: Խորհրդակցության ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձավ բուժամբուլատորաների վերակազմակերպման գործընթացի ավարտի հետ կապված խնդիրներին, քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին ուղղված հարցեր: Եղան մի շարք հանձնարարականներ ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսի նախապատրաստման, որոշ բուժհիմնարկներում ներքին աուդիտի անցկացման և արդյունքների քննարկման, մարզի մանկապարտեզների սանիտարահիգիենիկ իրավիճակի և որոշ կրթօջախներում իրականացվող նորոգման աշխատանքների ուղղությամբ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու, ճանապարհաշինական, հողաշինական և այլ ոլորտներում առկա անելիքների ուղղությամբ: Ռաֆիկ Գրիգորյանը ֆինանսական վարչության պետի ուշադրությունը հրավիրեց մարզում գնումների գործընթացի ճիշտ կազմակերպման վրա, հանձնարարեց աշխատանքներ տանել բուժհիմնարկներում օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները ժամանակին կատարելու համար: Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց ոլորտային աշխատանքային խմբի կողմից Գեղարքունիքի մարզի զարգացման 2016-19թթ ծրագրի կազմման ընթացքի մասին: Մարզպետը հանձնարարեց սեղմ ժամկետում ավարտական տեսքի բերել այն և ներկայացնել քննարկման: Իրենց ղեկավարած ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրին նաև մարզպետարանի մնացած ստորաբաժանումների ղեկավարները: Եղան բազմաթիվ հանձնարարականներ, նախատեսվեցին առաջիկա անելիքները: