Նորություններ
ՀՀ Մշակույթի նախարարը աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում
30.07.2015

Հուլիսի 29-ին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Լճաշեն համայնքում նախարարը Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի ուղեկցությամբ այցելել և մասնագետների հետ դիտարկել է համայնքի տարածքում գտնվող ամրոց բնակատեղիի (կիկլոպյան ամրոց) կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման նախագիծը: Ըստ տրամադրված տեղեկատվության 2008 թվականին ՀՀ պետական բյուջեից հատկացված 16 մլն դրամի շրջանակներում մեկնարկել է Լճաշենի բերդի կենտրոնական միջնաբերդի մասնակի վերանորոգման աշխատանքները, իսկ 2009 թվականին իրականացվել են մուտքին հարող հատվածի պեղման և վերականգնման աշխատանքներ: Ֆինանսական հնարավորությունների բացակայության հետևանքով աշխատանքները դադարեցվել են: Մշակույթի նախարարը նշել է, որ Լճաշենի ամրոց բնակատեղին ընդգրկվել է ՀՀ կառավարություն ներկայացրած Մշակույթի նախարարության հնագիտության ծրագրում և հաստատման դեպքում, կտրամադրվի համապատասխան ֆինանսավորում` աշխատանքները շարունակելու նպատակով: Այնուհետև Հասմիկ Պողոսյանն այցելել է Լճաշենի հիմնանորոգված մանկական արվեստի դպրոց, ծանոթացել առկա հնարավորություններին և դպրոցին տրամադրել երաժշտական գրականություն: Գեղարքունիքի մարզի Երկրագիտական թանգարանում մշակույթի նախարարը մասնակցել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի կողմից անցկացվող ,,Հայրենի եզերք,, խորագիրը կրող բարբառների մարզային մրցույթ-փառատոնին, ապա այցելել Գավառի քաղաքային գրադարան, հանդիպել և զրուցել աշխատակազմի հետ: Այցի ավարտին Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայրավանք համայնքում ներկա է գտնվել ճանաչված կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ստեղծագործական տանը կազմակերպված ,,Տերտերյանի ժամանակը,, փառատոնին: