Նորություններ
Սահմանամերձ Վահան գյուղն 90 տարեկան է
27.07.2015

Հուլիսի 25-ին սահմանամերձ Վահան համայնքի բնակիչները աշխույժ իրարանցման մեջ էին: Առիթը գյուղի հիմնադրման 90-ամյակին նվիրված տոնակատարությունն էր: Միջոցառման հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը, ուր հանգչում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս վահանցիները եւ որտեղ տեղադրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Վահանի տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակի տարածքի համայնքների ներկայացուցիչներ եւ վահանցիներ: Միջոցառումը սկսելուց առաջ վահանցիները եւ հրավիրված հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Վահանի ինքնապաշտպանական մարտերում զոհված քաջորդիների շիրիմներին: Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը նշեց, որ Վահանը 1925 թվականին հիմնադրել են Արծվաշենից այստեղ տեղափոխված ընտանիքներ: Ի պատիվ այն ժամանակվա ՀԽՍՀ հողժողկոմատի աշխատակից Ռուբեն Դաշտոյանի, ով մեծ ներդրում է ունեցել նորաբնակներին հող ու օթեւան տրամադրելու հարցում, գյուղը կոչվել է Ռուբենավան: 1939 թվականին, երբ բռնադատվում ու գնդակահարվում է Ռուբեն Դաշտոյանը, կառավարության պահանջով գյուղը վերանվանվում է Օրջոնիկիձեի անունով: 1990 թվականից բնակավայրը կրում է Վահան անունը: Համարվելով Հայաստանի արեւելյան սահմանի վրա ընկած դարպասը, համայնքը պաշտպանիչ վահանի դեր է տանում, ինչի պատճառով էլ համայնքը կրում է Վահան անունը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Վահանի խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության ներքո, որ Վահանի նման փառավոր ուղի անցած գյուղի կենսապայմանների բարելավման համար վերջին տարիների ընթացքում ներդրվել եւ ներդրվում են կենսական կարեւոր նշանակության ծրագրեր: ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանն իր խոսքում կարեւորեց Վահանի այսօրվա մարդկանց մասնակցությունը հայոց բանակաշինությանը, հայրենիքի սահմանների պաշտպանությանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կարգադրությամբ` հայրենիքի պաշտպանության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար վահանցի մի խումբ ազատամարտիկներ եւ մանկավարժներ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալներով: Ընթերցվեց Վահանի ավագանու որոշումը` Վահանի պաշտպանության եւ զարգացման մեջ ավանդ ներդրած մի խումբ մարդկանց ,,Վահանի պատվավոր քաղաքացի,, կոչում շնորհելու մասին, որին արժանացան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՙՎիվաՍել-ՄՏՍ՚ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, զինվորական թոշակառու, Վահանի ինքնապաշտպանական մարտերի մասնակից Գալուստ Առաքելովը: Գրական երաժշտական կատարումներով հանդես եկան Վահանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Տոնախմբության ավարտից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն: