Նորություններ
Գավառի թատրոնին կից կստեղծվի գեղարվեստական խորհուրդ
24.07.2015

Գավառի` Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնին կից այսուհետ գործելու է գեղարվեստական խորհուրդ: Այդ նպատակով հուլիսի 21-ին թատրոնում տեղի ունեցավ նիստ, որին հրավիրված էին մասնակցելու արվեստի տարբեր ոլորտների, մայրաքաղաքի տարբեր թատրոնների և Գավառի թատրոնի աշխատակազմի ներկայացուցիչներ: Նիստի մասնակից անդամները քննարակեցին թատրոնի ներկա կարգավիճակը, հանդես եկան առաջարկություններով և պայմանավորվածություն ձեռք բերվեց գեղարվեստական խորհրդի առաջիկա անելիքների վերաբերյալ կազմել աշխատանքային ընթացակարգ և հաջորդ նիստին այն ներկայացնել հաստատման: Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ , թատրոնում արդեն նկատելի է աշխատանքային աշխուժություն: Սրա վկայությունը նույն օրը Գավառ քաղաքի մշակույթի տան հանդիսությունների դահլիճում կայացած Անդրեյ Կուրեյչիկի <Զգուշացեք կանայք են> պիեսի բեմադրությունն էր, որի դերակատարները թատրոնի աշխատանքային կոլեկտիվը համալրած և Երևանից հրավիրված եիտասարդ դերասաններ էին: Պրեմիերան դիտեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տարբեր կազմակերպությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Ներկայացումը արժանացավ հանդիսատեսի հավանությանը: Ի դեպ թատրոնի ստեղծագործական կազմը պատրաստվում է հաջորդ ներկայացմանը, որը հանդիսատեսին կներկայացվի հոկտեմբեր ամսին: Հերթական բեմադրության մեջ հանդես կգան նաև հնաբնակ քալանթարցիները: