Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվեց ,,Սևանա լիճ-2015,, շախմատի միջազգային մրցաշարը

21.07.2015

Հուլիսի 20-ին Մարտունի քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ,,Սևանա լիճ - 2015,, շախմատի միջազգային մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, անհատ քաղաքացիներ: Մինչև մրցաշարի փակման հանդիսավոր արարողության մեկնարկը, ներկայացվեց փոքրիկ համերգային ծրագիր: Արարողությունը համընկավ շախմատի միջազգային օրվա հետ, որի առթիվ բոլորին, և հատկապես մրցաշարի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերում շնորհավորեցին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: ,,Ավարտվեց ևս մեկ մրցաշար, որը լի էր լարված, հետաքրքիր և ուշագրավ խաղերով, լեցուն` հաղթանակներով: Ինչպես արդեն տեսանելի է, տարեց տարի մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացնում ավելի մեծ թվով երկրներ, ինչը հերթական անգամ փաստում է, որ այստեղ աստիճանաբար ընդլայնվում է բարեկամությունը, որն էլ դառնում է մրցաշարի ամենակարևոր և ցանկալի արդյունքը: Մենք այս մրցաշարով նպատակ ունենք շախմատը մասսայական դարձնել նաև դպրոցահասակների շրջանում, ովքեր ամեն օր ուշի ուշով հետևել են խաղերի ընթացքին, և համոզված եմ, որ մրցաշարի կազմակերպման և անցկացման հարցում ՀՀ շախմատի ֆեդերացիայի և բոլոր աջակիցների սպասումները աստիճանաբար  իրականություն  են դառնում,, -իր ելույթում նշեց Գեղարքունիքի մարզպետը: ,,Սևանա լիճ - 2015,, շախմատի միջազգային մրցաշարում առաջին մրցանակային տեղը` 6 միավորով, զբաղեցրեց ազգությամբ լեհ, միջազգային գրոսմայստեր` Յան Քշիշտոֆ Դուդան, 5,1/2 միավորով`  երկրորդ մրցանակային տեղում էր իսպանացի, միջազգային գրոսմայստեր` Դավիդ Անտոն Գուիջարոն և  Հնդկաստանը ներկայացնող միջազգային գրոսմայստեր` Վիդիթ Սանթոս Գուջրաթին, հավաքելով 5 միավոր, զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: ,,Սևանա լիճ - 2015,, շախմատի միջազգային մրցաշարի բոլոր մասնակիցների և մրցավարական կազմի համար հուշամեդալներ, պատվոգրեր և նվերներ էր նախապատրաստվել Մարտունու քաղաքապետարանի կողմից: Մրցաշարի 1- 4-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներին նվերներ հանձնվեց ՀՀ շախմատի և 1-3-րդ մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցների համար` Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիաների կողմից: Մրցաշարը լավագույնս կազմակերպելու և նրա աշխատանքներին աջակցելու համար մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին շնորհվեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի պատվոգիր: Շախմատը մարզում մասսայականացնելու, մրցաշարի  կազմակերպման հարցում ներդրած ավանդի համար ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն արժանացավ Գեղարքունիքի մարզպետի հուշամեդալին: Մրցաշարի ողջ ընթացքը  լավագույնս լուսաբանելու համար Մարտունու ,,Զանգակ,, հեռուստաընկերության ներկայացուցիչ Դավիթ Երանոսյանը պարգևատրվեց ՀՀ շախմատի ֆեդերացիայի հուշամեդալով: Տոնական հրավառությամբ, բարեկամական ջերմ մթնոլորտում եզրափակվեց միջոցառումը, 2016 թվականին կրկիրն հանդիպելու սպասումներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06