Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արտագնա խորհրդակցություն Գեղարքունիքի մարզում

18.07.2015

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Մարզպետարանում հրավիրված արտագնա խորհրդակցության ժամանակ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ քննարկվեց երկու մարզի առողջապահական խնդիրները: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ ՀՀ առղջապահության նախարարի մարզ հերթական այցի նպատակն է քննարկել առկա խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման ուղիները: Արմեն Մուրադյանը մարզերի առողջապահության կազմակերպիչներին ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող նոր ծրագրերը` մեծապես կարևորելով դրանց արդունավետ իրականացումը: Նա ընդգծեց, որ առողջապահության կազմակերպումն իրականացվում է ապակենտրոնացված մոտեցմամբ, սակայն միասնական քաղաքականությամբ: ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը ներկայացրեց մարզի առողջապահական ոլորտում գրանցված հաջողությունները և խնդիրները: Օրակարգային է նեղ մասնագետների պակասը:
Նրա խոսքով` Գեղարքունիքի մարզում բարեհաջող իրականացվում է սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը:
3134 շահառու արդեն անցել է պարտադիր կանխարգելիչ քննություն:
Անդրադարձ կատարվեց նաև հանրային առողջապահական ծրագրին, որոնք միտված են բնակչության առողջության պահպանմանը: Նախարարը հորդորեց ոլորտի պատասխանատուներին բնակչության շրջանում բարձրացնել իրականացվող ծրագրերի նկատմամբ վստահությունը: Նա առանձնակի կարևորեց առողջության առաջնային օղակի նկատմամբ վստահության մեծացումը: Նախարարը ընդգծեց նաև 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած, Համաշխարհային բանկի հետ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Արմեն Մուրադյանը նշեց նաև այս տարվա հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների` կյանք փրկող ծրագրի մասին: Կարևորվեց
դժվարամատչելի հետազոտությունների դեպքում առաջնորդվել միայն խիստ ցուցումներով: Արմեն Մուրադյանը հայտնեց նաև, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում Երևանում և մարզերում բժշկական հաստատություններում որակի վերահսկման բաժիններ ստեղծելու ուղղությամբ և այս գործում ակնկալվեց մարզային հիվանդանոցների ակտիվ մասնակցությունը:
Մայրական և մանկական մահացությունը նախարարի տեղեկացմամբ` երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում է: Համակարգի պատասխանատուն շեշտեց, որ բոլոր կրիտիկական դեպքերը շարունակվելու են ենթարկել մասնագիտական վերլուծության, ինչը կնպաստի մայրական մահացության նվազեցմանը: Ներկայացվեցին նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողությանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Կարևորվեց մանկապարտեզներում և նախակրթական հաստատություններում սննդի և սանիտարական նորմերի նկատմամբ խիստ վերահսկողությունը:
Ընդգծվեց, որ բոլոր գերատեսչությունների հետ միասնական աշխատանքը հնարավորություն կտա մանկապարտեզներում խուսափել նախկինում արձանագրված խնդիրներից:
Մանկապարտեզներում առաջիկայում շինարարական աշխատանքներ իրականացնելիս կարևորվեց պատասխանատու գերատեսչությունների անմիջական մասնակցությունը: ՀՀ ԱՆ
,,Ծրագրերի իրականացման գրասենյակի,, տնօրեն Նելսոն Զուլոյանը նշեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ,,Առողջապահական համակարգի արդիականացման,, ծրագրով այս մարզի առողջապահական ոլոտին 2000թ. սկսած ներդրվել է 3 մլրդ 1 մլն դրամ:
Մարզում կառուցվող Ճամբարակի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է աշնանը, իսկ Սևանի բժշկական կենտրոնի նախագծման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա հուլիսին, այնուհետև նախագծանախահաշվարկային աշխատանքների ավարտից հետո 2016 թվականի առաջին եռամսյակում ծրագրվում է նոր` 40 մահճակալ ունեցող հիվանդանոցի շինարարական աշխատանքների սկիզբը: Նելսոն Զուլոյանը հայտնեց, որ ՀՀ նախագահը օրեր առաջ Մարտունի այցելության ժամանակ, հանձնարարել է ներկայացնել տեղի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիր, որի ուղղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ:
Սկրինինգային ծրագրերին անդրադառնալով` նշվեց, որ ցուցանիշները բավարար են: Հստակեցվեց, որ այս ծրագրերի նպատակն է առաջին հերթին ռիսկային դեպքերի բացահայտումը:
Տավուշի մարզի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ևս ներկայացրեց մարզի առողջապահական խնդիրներն ու գրանցած հաջողությունները: Մարզն ունի 123 հազար 816 բնակիչ, որից 28 հազարը երեխաներ են: Գործում է չորս բժշկական կենտրոն:
Ամփոփելով աշխատանքային հանդիպումը` մարզային պատասխանատուներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Կարևորվեց ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին ուղղված աշխատանքների իրականացումը, որակյալ կադրերով համալրումը: Առանձնակի շեշտադրվեց ծննդօգնության բարելավման ուղղված աշխատանքները և դեղերով ապահովվածության հարցերը: Քննարկվեցին նաև ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված կառույցների մարզային գործունեությունը:
Հաջորդիվ ՀՀ առողջապահության նախարարը և Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային հանդիպումներ ունեցան Գավառի և Մարտունու բժշկական կենտրոների, Մարտունու ծննդատան բուժանձնակազմերի հետ: Բուժհաստատությունում Արմեն Մուրադյանը ներկայացրեց ոլորտում իրականացվող նոր ծրագրերը` կարևորելով մարզերում ևս դրանց արդունավետ ընթացքը: Նախարարը մարզի բուժաշխատողներին ծանոթացրեց նախարարության կողմից իրականացվող մի շարք այլ բարեփոխումներին։ Մասնավորապես անդրադարձ կատարեց օրենսդրական դաշտում իրականացվող քայլերին։ Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ նպատակով առաջիկայում բուժքույրերի համար մարզում գիտական կոնֆերանս կազմակերպել։

Աղբյուրը` /moh.am/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59