Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մամուլի ասուլիսը

16.07.2015

Հուլիսի 15-ին Գեղարքունիքի մարզպետարանում,  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարված աշխատանքների, ներդրված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի, առաջիկա հրատապ անելիքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց մարզային եւ հանրապետական ԶԼՄ ներկայացուցիչներին:
Անդրադառնալով գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներին` Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այս տարի մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել են հացահատիկի, կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածությունները, որին մեծապես նպաստել է ՀՀ կառավարության կողմից անսահմանափակ քանակությամբ դիզվառելիք, ազոտական պարարտանյութ և սերմացու տրամադրելու գործընթացը: Մարզում այս տարի ևս նախորդ տարվա նման ակնկալվում է բարձր բերքատվություն, եթե տեւական երաշտին հաջորդեն անձրեւները:
Մարզպետն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից մարզում իրականացվող ,,Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության,, ծրագրի ընթացքին, որի շրջանակներում մարզ է բերվել մոտ 55 անիվավոր տրակտոր, ավելի քան 200 տարբեր գյուղգործիքներ: Ծրագրի իրականացման հերթական փուլում ակնկալվում է 300-350 միավոր տեխնիկա եւ գյուղգործիքներ, աջակցություն գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններին: Ծրագրի ներդրման շնորհիվ արդյունավետ ցուցանիշ է արձանագրվել նաև անասնագլխաքնակի ավելացման և արոտավայրերի արդյունավետ օգտագործման ոլորտներում:
Խոսելով կրթության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին` մարզի ղեկավարը նշեց, որ պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի ամբողջությամբ ավարտին կհասցվի Հայրավանք համայնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման գործընթացը, առաջիկայում կմեկնարկեն Սևան քաղաքի N1, Մարտունու և Սևանի ավագ դպրոցների վերանորոգման, վթարային կարգավիճակ ունեցող Գավառի N2 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այս տարի կհիմնվեն ևս 12 նախակրթարաններ, որի արդյունքում  նրանց թիվը մարզում կհասցվի  55-ի: Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը մարզի 22 դպրոցներում ավարտին կհասցվեն իրենց տնտեսված միջոցների հաշվին իրականացվող մասնակի հիմնանորոգման աշխատանքները:
Ըստ մարզպետի` առաջնթաց է արձանագրվել նաև առողջապահության ոլորտում: Մեկ ամսից Ճամբարակ քաղաքը կունենա ժամանակակից բժշկական սարքավորումներով և գույքով հագեցած նոր բժշկական կենտրոն: ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվում է Սևան քաղաքում ևս կառուցել նոր բժշկական կենտրոն: Նոր հիվանդանոց կառուցելու ծրագիր է նախապատրաստվում նաև Մարտունի քաղաքի համար, քանզի գործող հիվանդանոցը չի համապատասխանում մի շարք չափորոշիչների: Առողջապահության ոլորտի մասնագետների համար շարունակվում են վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, քաղաքացիների համար պարբերաբար անցկացվում են բաց դռների օրեր: Մարզի բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներում առկա են մասնագետ բժիշկների, ինչպես նաեւ մանկավարժական կադրերի պահանջ: Ֆրանսիացիների կողմից շարունակվում են մարզի գյուղական համայնքների բուժկետերի հիմնանորոգման և առաջին բուժօգնության պարագաներով համալրման աշխատանքները, ինչը իրականացվում է Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում:
Քաղաքաշինության ոլորտում մարզի 12 համայնքներում առաջիկայում կմեկնարկեն ՀՀ կառավարության կողմից հաստատված և պետական բյուջեից հատկացված 405 մլն դրամի շրջանակներում հրատապ ծրագրի իրականացման աշխատանքները: Կկատարվեն համայնքային ճանապարհների ասֆալտապատման, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգերի բարելավման, կրթամշակութային շենքերի ջեռուցման համակարգերի անցկացման, համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքներ:
,,Համագործակցելով ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ հետ` առաջիկա 1-2 տարիների ընթացքում ամբողջությամբ կավարտենք Սևանի, Գավառի, Ճամբարակի եւ Մարտունու տարածքների համայնքների ջրամատակարարման համակարգերի բարելավման գործընթացը,, ,-հավաստեց մարզի ղեկավարը:
Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին` Ռաֆիկ Գրիգորյանը անդրադարձավ սոցիալական ոլորտում իրականացվող աշխատանքներին` մասնավորապես շեշտելով սոցիալական հատուկ կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման, պետության կողմից նման կարգավիճակ ունեցող ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունների մասին:
Մարզպետն անդրադարձավ նաեւ Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի նոր շենքի շինարարության ընթացքին, նշելով, որ այն կշարունակվի կառուցվել եւ ավարտի հասցվել 2016 թվականի ընթացքում: ,,Քիչ չեն քաղաքաշինական ընթացիկ եւ սպասվող ծրագրերը. պետական միջոցներ են ներդրվում Սևան քաղաքի Նաիրյան փողոցի ասֆալտապատման համար, Ներքին Գետաշեն համայնքի մանկապարտեզի շենքի կառուցումն արդեն ավարտական փուլում է, ընթացքի մեջ են պետխճուղի-Գավառ եւ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարական աշխատանքները, առաջիկայում նոր թափ կառնեն քաղաքաշինական բազմաբնույթ ծրագրերը,, ,-նշեց մարզպետը: Ռաֆիկ Գրիգորյանը խոսեց նաև մարզում 2 խոշոր ոռոգման համակարգերի կառուցման հեռանկարների, Կարճաղբյուրում կառուցվող ձկնաբուծարանի անհրաժեշտության և կարևորության, աղբահանության խնդիրների կարգավորման մասին:
Ասուլիսի ավարտին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ մարզի տարբեր ոլորտներում առկա առաջնահերթ խնդիրները, որոնց լուծման համար հարկավոր են լուրջ ներդրումներ, ներառված են Գեղարքունիքի մարզի զարգացման 2016-2019թթ սոցիալ-տնտեսական զարգացման նորակազմ ծրագրում, ինչն առաջիկայում ավարտական տեսքի կբերվի մարզպետարանում ձևավորված աշխատանքային խմբի կողմից և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06