Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը Նոր Նորքի վարչական շրջանում էր

01.07.2015

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում հունիսի 30-ին Երևան քաղաքի Նոր Նորք շրջանի վարչական շենքի հանդիսությունների սրահում կազմակերպվեց տեսակցություն Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի զորամասերում զինծառայության մեջ գտնվող Նոր նորքցի 47 զինծառայողների եւ նրանց ծնողների միջեւ: Տեսակցությունը կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի համատեղ նախաձեռնությամբ: Արարողությունը համատեղվեց Գեղարքունիքի մարզի եւ Երեւան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի միջեւ հաստատված համագործակցության շրջանակներում, Նոր Նորքի վարչական շրջան` Գեղարքունիքի մարզի պատվիրակության այցի հետ: Միջոցառման սկզբում Նոր Նորքի հոգեւոր հովիվ Տեր -Նորայր քահանան կատարեց օրհնության կարգ: Ապա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ ողջույնի և շնորհավորանքի խոսքով, նշելով, որ այսօրվա հանդիպումը մի մասնիկն է Երևանի քաղաքապետարանի կողմից որդեգրված այն հետաքրքիր ավանդույթի, որը հնարավորություն է տալիս զինծառայողների եւ նրանց ծնողների տեսակցությունը զորամասերում կազմակերպելու: ,,Մեր քաղաքի վարչական շրջաններից մեկում այսօր յուրօրինակ տոն է, քանի որ 47 զինծառայողներ այսօր իրենց հարազատ թաղամասում ոչ միայն իրենց ծնողների հետ տեսակցելու հնարավորություն են ունենում, այլ նաեւ լավագույն ծառայության համար պարգեւատրվում են 5-10 օրյա արձակուրդով եւ ծառայության կվերադառնան ավելի ոգեւորված: Շնորհավորում եմ բոլորիդ այս հանդիսավոր օրվա կապակցությամբ, որին իրենց մասնակցությունն են բերել նաեւ Գեղարքունիքի մարզի եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարները, պատասխանատու աշխատակիցներ: Այս նախաձեռնությունը եւ հանդիպումը Գեղարքունիք-Նոր Նորք համագործակցության հետագա ամրապնդման ու զարգացման հաստատուն քայլերից մեկն է,,- նշեց Երևանի քաղաքապետը: Այնուհետև Տարոն Մարգարյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար ,,Երեւանի զինանշան,, հուշամեդալներով պարգեւատրեց ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, շնորհակալագրերով` ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարա-սպայական անձնակազմին: ,,Գեղարքունիքի մարզի հետ հաստատված մեր համագործակցությունն այս միջոցառմամբ ավելի հետաքրքիր բովանդակություն ստացավ: Այն արդեն, կարծում եմ, կայացած իրողություն է: Շնորհակալ եմ դահլիճում նստած ծնողներին, որ մեր բանակին այսպիսի զինվորներ են տվել,,-ասաց Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: ,,Ես ուրախ եմ, որ մեր պաշտոնական այցը համատեղվեց այս հրաշալի միջոցառման հետ, նաև հպարտ եմ այս դահլիճում նստած զինվորների ու ծնողների չափ: Հպարտ եմ մեր զինվորների ցուցաբերած անօրինակ սխրանքներով, որոնց շնորհիվ մեր երկրի սահմաններն անառիկ են մնում: Միանալով ձեր ուրախությանը ասում եմ` բոլորիս աչքը լույս լինի,,- ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Ելույթներով ու շնորհակալական խոսքերով հանդես եկան շարքային զինծառայողներ, ծնողներ: ,,Մենք միասին մեծ առաքելություն ենք իրականացնում ` ապահովելով մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը: Այստեղ նստած են հերոս տղաներ և ես երազում եմ, որ իմ որդին էլ հասակ առնի ու ձեր զավակների նման Հայոց բանակի արժանի զինվոր դառնա,, -նշեց գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: Ապա կորպուսի հրամանատարը հայտարարեց դահլիճում գտնվող երկու զինծառայողների զորացրման հրամանի եւ մի խումբ զինծառայողների զինվորական կոչումներ շնորհելու մասին:
Միջոցառման ավարտից հետո Գեղարքունիքի մարզի եւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարներն ու պատասխանատու աշխատակիցները համատեղ քննարկեցին համագործակցության հետագա քայլերը: Համաձայն փոխադարձ պայմանավորվածության` Նոր Նորքի շրջանի ղեկավարությունը ցանկություն հայտնեց Գեղարքունիքի մարզում իրենց ներդրումներով հիմնել Նոր Նորքի անվան պուրակ, իսկ Գեղարքունիքի մարզի ղեկավարությունը` Նոր Նորքում ստեղծել Գեղարքունիքի մարզը խորհրդանշող պտղատու այգի: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով նախատեսվեց Նոր Նորքի վարչական շրջանի զոհված ազատամարտիկների դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստ կազմակերպել Սեւանա լճի ափին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-19 14:52:20