Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հիմնանորոգված մանկապարտեզ եւ արվեստի դպրոց Լճաշեն գյուղում

12.06.2015

Հունիսի 11-ին Լճաշեն գյուղում իրենց դռները բացեցին հիմնանորոգված մանկապարտեզի եւ մանկական արվեստի դպրոցի շենքերը: Կազմակերպված հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մանկապարտեզի եւ արվեստի դպրոցի մանկավարժներն ու սաները, ծնողներ, հիմնանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած գործարարներ: Մակապարտեզի շենքը հիմնանորոգվել է տեղական բյուջեի միջոցների հաշվին` 8 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա սկզբից: Ամբողջությամբ հիմնանորոգվել են սանհանգույցները, շենքի երկրորդ հարկի խաղասենյակներն ու ննջասենյակները, ձեռք են բերվել նոր մահճակալներ, անկողնային պարագաներ, գույք: Մանկապարտեզը այսուհետ գործելու է երկու խմբով, ուր կհաճախեն 80 երեխա: ,, Մենք այժմ ունենք 130 երեխաների ծնողների դիմումներ, բայց հարկադրված ենք ժամանակավորապես մերժել 50-ի դիմումները, քանի որ շենքի առաջին հարկի տարածքն անբարեկարգ է: Միջոցներ գտնելուն եւ հիմնանորոգումն ավարտելուն պես մանկապարտեզ կընդունենք նաեւ մնացած երեխաներին՚,-նշեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը: Լճաշենի գյուղապետի շնորհակալագրով պարգեւատրվեցին Լճաշենի մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանը, մի խումբ շինարարներ եւ մանկապարտեզին մշտապես սննդով աջակցող գործարարներ Աշոտ Ավետիսյանն եւ Վանիկ Սարգսյանը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շնորհավորելով համայնքի ղեկավարին, մանկապարտեզի կոլեկտիվին ու ծնողներին, խոստացավ աջակցել մանկապարտեզի շենքի առաջին հարկի հիմնանորոգմանը: ,,Ուրախալի է, որ Լճաշենում տեղական բյուջեի միջոցները ծախսվում են նպատակային, հանրօգուտ գործերի ուղղությամբ: Կձգտենք պետական աջակցության հրատապ ծրագրերի շրջանակներում միջոցներ տրամադրել մանկապարտեզի մնացած տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար,,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը: Լճաշենի արարողությունների սրահի բակում հավաքված արվեստի դպրոցի ուսուցիչները, աշակերտները եւ ծնողները աղուհացով դիմավորեցին միջոցառման մասնակից հյուրերին: Նորաբաց արվեստի դպրոցի դասասենյակներով շրջելուց հետո, հյուրերը ունկնդրեցին տեղի սաների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը: Լճաշենի արվեստի դպրոցը տեղավորվել է արարողությունների սրահի շենքի երկրորդ հարկի հիմնանորոգված տարածքում: Հիմնանորոգումն իրականացվել է տեղական բյուջեի միջոցների հաշվին` 4,5 միլիոն դրամի ներդրմամբ: Այստեղ աշխատանքները նույնպես սկսվել են այս տարեսկզբին: Արվեստի դպրոցում այժմ գործում են դաշնամուրի, փողային գործիքների եւ նկարչության խմբակները, որտեղ հաճախում են 30 աշակերտ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 13:49:04