Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզն այս տարի ունեցավ 2373 շրջանավարտ

22.05.2015

Մայիսի 22-ին մարզի դպրոցներում ավարտվեցին 2014-15 ուսումնական տարվա դասընթացները: ,,Վերջին դասին,, նվիրված արարողություններ կազմակերպվեցին մարզային ենթակայության 118 հանրակրթական և ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության 8 կրթօջախներում: Գեղարքունիքի մարզն այս ուսումնական տարում կտա 2373 շրջանավարտ, որից 1815-ը մարզային ենթակայության, իսկ 558-ը նախարարության ենթակայության կրթօջախների սաներ են: Շրջանավարտների ամենամեծ թիվը 826` Մարտունու տարածքում է: Գավառի տարածքում այն հասնում է 353-ի, Վարդենիսի տարածքում` 345-ի, Սևանի տարածքում 182-ի, իսկ Ճամբարակի տարածքից այս ուսումնական տարում կավարտեն 109 դպրոցականներ: Շրջանավարտներին ,,Վերջին դասի,, առիթով շնորհավորելու համար Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շրջայց կատարեց մարզի մի շարք դպրոցներում: Նա եղավ Գավառի N 2 և 7 միջնակարգ, N 4 հիմնական և Գավառի ավագ դպրոցներում: Ամենուրեք տիրում էր տոնական տրամադրություն: ,, Վերջին դաս,, արարողությունն որոշ դպրոցներում ուղեկցվեց նաև գրական-երաժշտական կատարումներով, որին մասնակցեցին դպրոցների աշակերտներ, մանկավարժներ, շրջանավարտների ծնողներ, հյուրեր: Հնչեցին շրջանավարտների հրաժեշտի ու երախտագիտության խոսքեր ուղղված հարազատ կրթօջախին և իրենց դասավանդող մանկավարժներին: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց շրջանավարտներին կյանքի նոր ճանապարհ ընտրելու առթիվ, հույս հայտնելով, որ այն կլինի խոստումնալից ու լուսավոր ,,Միանական քննություններին մարզից մասնակցության համար հայտ ներկայացրած շրջանավարտների թիվը շատ հուսադրող է, քանզի նրանք վստահ են, որ իրենց գիտելիքներով կարող են ընդունվել տարբեր ուսումնական հաստատություններ և ձեռք բերել համապատասխան մասնագիտություն: Մեր երկիրն ունի գիտելիքներով զինված երիտասարդ աշխատողի, հմուտ ու բանիմաց հայրենիքի պաշտպանի կարիք: Եվ ես համոզված եմ, որ մեր երկրի պետականաշինության և բանակի հզորացման գործում դուք կարևոր ներդրում կունենաք,,-նշեց մարզպետը: Գավառի N2 միջնակարգ դպրոցում մարզի ղեկավարը նշեց, որ ինքը դատարկաձեռն չի եկել, այլ լիազորված է հայտարարելու, որ շուտով պետական բյուջեի միջոցներով Գավառի N 2 միջնակարգ դպրոցը կունենա բոլորովին նոր դպրոցական շենք: ,,Համոզված եմ, որ այս շրջանավարտներից մի քանիսը կշարունակեն իրենց ուսումը մանկավարժական ԲՈՒՀ-երում և ավարտելուց հետո կդասավանդեն այդ նորակառույց դպրոցում,,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը: Այսօր իրենց կրթության դարբնոցին հրաժեշտ տվեցին նաև մարզի հիմնական դպրոցների 83 ավարտական դասարանների 1017 աշակերտներ, որոնք նույնպես նշեցին վերջին դասը և վերջին զանգը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակից մեկ դպրոցում մասնակցել է ,, Վերջին դասի,, արարողությանը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շրջայց է կատարել և շնորհավորել Սևան քաղաքի ավագ, N1,3  հիմնական և Գագարինավանի միջնակարգ, իսկ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանը այցելելև  շնորհավորել է Մարտունու և Ձորագյուղի ավագ դպրոցների շրջանավարտներին:    Մարզի ղեկավարի հանձնարարությամբ նաև ,,Վերջին դասին,, նվիրված միջոցառումներից բացի  այսօր արգելված են դպրոցներից դուրս այլ կարգի հավաքները կամ միջոցառումները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06