Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վահան գյուղում անցկացվել է Հայոց ցեղասպանության եւ Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում

20.05.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառումները մարզի համայնքներում շարունակվում են: Մայիսի 16-ին սահմանամերձ Վահան գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Ռիտա Աբրահամյանի ղեկավարությամբ և դպրոցի աշակերտների մասնակցությամբ անցկացվել է հերթական միջոցառումը: Այն տեղի է ունեցել Վահան գյուղի ինքնապաշտպանության մարտերում զոհված վահանցի հերոսների գերեզմանոց-հուշահամալիրի եւ Հայրենական մեծ պատերազմում ընկած անհայտ զինվորի հուշարձանի բարձունքում: Միջոցառմանը ներկա են եղել մեծ թվով համագյուղացիներ, Վահանում տեղակայված ՀՀ Զու զորամասի ժամկետային զինծառայողներ, պետական ու հանրային ծառայողներ, շրջակա համայնքներից հրավիրված հյուրեր: Միջոցառման ընթացքում ներկայացումներով, հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով ներկայացվել է իր հազարամյա երթի ընթացքում հայ ժողովրդի ցուցաբերած տոկունությունը, հերոսականությունը, մաքառումները, կրած տառապանքները եւ հաղթանակները: Հիշատակվել են պատմության բոլոր նշանակալից եւ ճակատագրական դրվագները՝ սկսած Հայկ Նահապետից, անցնելով հայոց գրերի գյուտով, օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության մղձավանջով, հասնելով մինչեւ Սարդարապատի հերոսամարտ, Հայաստանի Հանրապետության հռչակում, Արցախյան հերոսամարտ, Շուշիի ազատագրում: Ներկայացվել է նաեւ, թե ինչ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, եւ մասնավորապես՝ Վահան գյուղը երկրորդ աշխարահամարտում: Միջոցառման ժամանակ հնչող հիմնական ուղերձներն են եղել` հայ ժողովրդի ազգային ինքնության առհավատչյան հանդիսացող հայոց լեզվի, Հայ առաքելական եկեղեցու, բոլոր ժամանակների ազգային հպարտության աղբյուր հանդիսացող Հայոց բանակի եւ ինքնատիպ ազգային մշակույթի արժեքներն ու նշանակությունը գիտակցելն ու գնահատելը: Համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին և միջոցառման կազմակերպիչներին նման տպավորիչ եւ ուսանելի միջոցառման կազմակերպման համար:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59