Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական շքերթ և ցերեկույթ Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցում

20.05.2015

Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի և Մայիսյան հաղթանակների առթիվ Կարմիրգյուղի N2 միջնակարգ դպրոցում կազմակերպված ցերեկույթը մեկնարկեց հանդիսավոր արարողությամբ: Դպրոցի բակում անցկացվեց Մայիսյան եռատոնին նվիրված տոնական շքերթ, որի ընթացքում հաղթական քայլերով հրապարակ մտան դպրոցի բոլոր դասարանների և նախակրթարանի սաները, դպրոցի  պատանի երկրապահները:  Շքերթն ընդունեց դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը: Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, այնուհետև ցերեկույթը շարունակվեց դպրոցի հանդիսությունների սրահում: Միջոցառմանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գարիկ Բադալյանը, պաշտոնական այլ անձինք: Ցերեկույթի սկզբում ցուցադրվեց ամփոփ տեսաշար, ,,Հայոց Մեծ եղեռնի 100,, և ,,Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյա,, տարելիցների կապակցությամբ դպրոցի տարբեր դասարաններում վերջին ամիսների ընթացքում կազմակերպված միջոցառումների վերաբերյալ: Որից հետո դպրոցականների ուժերով ներկայացվեց մի ծրագիր` ,,Ավարայրից մինչև Շուշիի ազատագրում,, բովանդակությամբ: Հայոց Մեծ եղեռնի պատմությանը վերաբերող բաժնում բեմական փոքրիկ դրվագներ ներկայացվեցին ,, Արտույտների ագարակը,, ֆիլմից, խոսվեց ցեղասպան եղած հայ ժողովրդի կրած դառնությունների մասին, հնչեցին հիշատակի ու ոգեկոչման խոսքեր, ապա անդրադարձ եղավ Առաջին Հանրապետության ստեղծման, երկրորդ աշխարհամարտի և Արցախյան պատերազմում Շուշիի ազատագրմանն ուղղված հաղթանակները բնութագրող թեմաներին: Ծրագրում ներառված բաժիններն ունեին նուրբ փոխկապակցվածություն, որի ընթացքում դպրոցականները հանդես եկան ներկայացվող թեմաներին համապատասխան երաժշտական կատարումներով, անդրադարձան հայի արիությանը, անկոտրուն կամքին , նրա ուժի ու պայքարի շնորհիվ ձեռք բերած հաղթանակներին: Միջոցառման ավարտին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը կարևորեց նման ծրագրերում դպրոցականների ներգրավվածությունը, քանզի նրանց շուրթերից հնչող հայրենաշունչ պատմությունները նաև նպաստում են նրանց ճիշտ հոգեկերտմանն ու հայրենասիրության գաղափարների ամրապնդմանը: Մարզպետի տեղակալը հորդորեց դաս քաղել հայոց պատմության դառն էջերից, սակայն չվհատվել, այլ առաջ նայել, դրանով իսկ նպաստելով մեր երկրի հզորացմանն ու շենացմանը: Անդրանիկ Հակոբյանը շնորհավորեց ներկաներին Մայիսյան հաղթանակների առթիվ և առիթից օգտվելով շնորհավորեց նաև օրվա միջոցառման ծրագրում ընդգրկված շրջանավարտներին, մայիսի 22-ին կայանալիք վերջին դասի առթիվ: ,, Ես հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր նախաձեռնություններում, սակայն հիշեք, տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակահատվածում միակ հզոր զենքը գիտելիքն է, որի ձեռքբերումը ձեզ կտանի ճիշտ ճանապարհով ի բարորություն ձեր ապագայի և մեր երկրի ,,- նշեց Անդրանիկ Հակոբյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:40:42