Նորություններ
Կայացավ ,,Տարվա լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը
18.05.2015

ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում անցկացվող մրցույթի մարզայի փուլը Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մայիսի 15-ին:Մրցույթն անցկացրեց մրցութային հանձնաժողովը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ: Այս տարի մարզային փուլին մասնակցելու հայտ էին ներկայացրել դպրոցական խորհուրդների կողմից երաշխավորված 15 ներկայացուցիչներ, որոնցից 13-ը` ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում: Իսկ ,,Տարվա լավագույն տնօրեն,, և ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում ներկայացվել էր 1-ական հայտ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի գնահատմամբ հանրապետական փուլին ,,Տարվա լավագույն տնօրեն անվանակարգում Գեղարքունիքի մարզը կներկայացնի Կարմիրգյուղի N2 միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Ենգոյանը, ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, անվանակարգում` Ճամբարակ քաղաքի N4 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արմենուհի Առաքելյանը, իսկ ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգում` Սարուխան գյուղի N1 մանկապարտեզի երաժշտական դաստիարակ Նարա Պողոսյանը: