Նորություններ
Բաց դաս նվիրված բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին
15.05.2015

Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում կազմակերպվեց բաց դաս` նվիրված էր Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին և բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100-ամյակին: Այն գործնական աշխատանքի դաս էր. Աշակերտները հարցազրույցի էին հրավիրել ,,բանաստեղծ Հովհաննես Շիրազին,,: Ինքնատիպ էր բանաստեղծի մուտքը դասարան. Նա ներս մտավ խորհրդանիշ գարնան հետ ձեռք ձեռքի տված՝ գարնանային ծաղիկներ բաժանելով ներկաներին: Դպրոցականները արտասանեցին Շիրազի ,,Թագադրում,, բանաստեղծությունը, որի անզուգական տողերի ներքո ,,բանաստեղծի դերակատարը,, օծվեց որպես գարնան թագավոր: Աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին ,,հեղինակի աթոռին,, բազմած ,,թագավոր – բանաստեղծին,, և նրանից լսեցին անկեղծ ու անմիջական պատասխաններ իր կյանքի հիշարժան դրվագների և գրած ստեղծագործությունների վերաբերյալ: Հարցերը զուգակցվում էին Շիրազի բանաստեղծությունների և ,,Հայոց Դանթեականից,, հատվածների արտասանության հետ: Երբեմն էլ դրանք ընդմիջվում էին Շիրազի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերով: