Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիսավոր նիստ և տոնական ցերեկույթ Մայիսյան հաղթանակների առթիվ

08.05.2015

Մայիսի 8-ին Գավառ քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, նվիրված հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակի և Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ: Մինչ նիստի մեկնարկը մասնակիցները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ հայրենականի, Շուշիի ազատագրման և Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առաջ: Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Փոխմարզպետը նախ շնորհավորեց Գեղարքունիքի մարզում ապրող Մեծ հայրենականի 89 վետերաններին և ողջ հայ ժողովրդին մայիսյան հաղթանակների առթիվ, Հայոց երկրին մաղթելով հզորացում ու բարեկեցություն, հայրենի սահմաններին ամրություն ու խաղաղություն: Անդրադառնալով ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակին վերաբերող մանրամասների, Անդրանիկ Հակոբյանն իր խոսքում նշեց, որ չլիներ Խորհրդային Միությունը, չլիներ հայ ժողովրդի հերոսական մաքառումը Մեծ հայրենականի ռազմադաշտում, հայ ժողովուրդը կկանգներ ցեղասպանության և հայրենազրկման վտանգի առաջ: ,, Պատկառելի է այդ հաղթանակի մեջ հայ ժողովրդի ներդրումը` հերոսներ, գեներալներ, զորահրամանատարներ, մարշալներ: Այդ աշխարհավեր պատերազմում արյուն թափած հայ այրերի զավակներս, երբեք չենք կարող մոռանալ, առավել ևս` ուրանալ մեր հայրերի ու պապերի կրած տառապանքները, ցուցաբերած սխրանքները, կենաց- մահու կռիվներում ձեռք բերած հաղթանակները: Ավելին, մենք սերնդեսերունդ կշարունակենք խոնարհվել Մեծ հայրենականում փառքի ու անմահության ճամփաներով անցած բոլոր հայորդիների հիշատակի առաջ, փառաբանել նրանց մեծագործությունները, որոնք հային ավյուն ու ոգի հաղորդեցին Արցախյան գոյամարտում,,- նշեց Անդրանիկ Հակոբյանը:Այնուհետև Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանն ընթերցեց Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը ուղղված Մեծ հայրենականի և  Արցախյան ազատամարտի վետերաններին: ,, Մայիսյան հաղթանակները ճակատագրական նշանակություն են  ունեցել հայ ժողովրդի համար: Թույլ տվեք ջերմորեն շնորհավորել բոլորիս այդ հաղթանակների  առթիվ, ցանկանալ խաղաղ երկինք, ազատ ու ստեղծագործ հայրենիք,, -նշված էր ուղերձում:   Հանդիսավոր արարողությունից հետո ներկաները մասնակից եղան Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի համատեղ ուժերով կազմակերպած գրական-երաժշտական ցերեկույթին: Ծրագիրը ներառում էր հայրենաշունջ և հաղթական երգեր ու բանաստեղծություններ, որոնք ընդմիջվում էին հուզիչ ելույթներով, Մեծ հայրենականում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրմանը վերաբերող փաստագրական տեղեկություններով: Հայկական ազգագրական և հաղթական պարերի շարաններով հանդես եկան Գավառ քաղաքի արվեստի դպրոցի և Մարտունի քաղաքի պարի խմբերը, անհատական կատարումներով հանդիսատեսին տոնական տրամադրություն հաղորդեցին Գավառ քաղաքի երաժշտական դպրոցի կատարողները: Ցերեկույթի ընթացքում հնչեցին փառաբանման ու մեծարանքի խոսքեր` ուղղված Շուշիի ազատագրմանը հերոսացած հայորդիներին, որդեկորույս մայրերին, մեր կողքին ապրող վետերաններին: Տոնական միջոցառումը եզրափակեցին Գավառ քաղաքի արվեստի դպրոցի պարի խմբի տղաները` հայկական ,, Բերդ,,պարի խրոխտ կատարումով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55