Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսյան հաղթանակներին ընդառաջ

07.05.2015

Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված մարզային միջոցառումների ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին Գեղարքունիքի մարզային գրադարանում, ,,Հաղթանակի Ճամփաներով,, խորագրի ներքո անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ: Նախաձեռնությունը գրադարանի տնօրինությանն էր: Ցերեկույթին իր մասնակցությունն ունեցավ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Միջոցառման ծրագրում հանդես եկան գրադարանի ավագ և երիտասարդ տարիքի աշխատակիցներ, ակտիվ ընթերցողներ, դպրոցականներ: Վերջիններս պատմական տեղեկությունների, փաստավավերագրական ֆիլմերից ընտրված դրվագների միջոցով հանդիսատեսին ներկայացրին Մեծ հայրենականում հայազգի մեծաթիվ զինվորների մասնակցության, մարտի դաշտում նրանց հայրենանվեր ձեռնարկների, տարբեր հերոսամարտերում նրանց գործած քաջագործությունների մասին: Խոսվեց նաև պատերազմին մասնակցած հայկական դիվիզիաների անցած մարտական ուղիների մասին: Ցերեկույթի ընթացքում անդրադարձ եղավ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, Սովետական Միության հերոս, հայտնի պատմաբան, հնագետ, ծնունդով գավառցի Գեդեոն Հայրապետի Միքայելյանի անցած մարտական և հերոսական ճանապարհին, հնչեցրին նրա` հետպատերազմական շրջանի ստեղծագործություններից, ընթերցվեցին հերոսին բնութագրող խոսքեր, նամակներ, հիշատակի խոսքով հանդես եկավ Գեդեոն Միքայելյանի եղբոր դուստրը` Մանուշ Միքայելյանը: Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի վաստակավոր դերասանուհի Բյուրեղիկ Մնեյանը ընթերցեց իր հոր` Կերչում գրված և ընտանիքի կարոտն արտահայտող բանաստեղծություններից մեկը: Ծրագիրն համեմվեց Մեծ հաղթանակի երգերով ու բանաստեղծություններով: Ցերեկույթին հրավիրված էր գավառցի, Մեծ Հայրենականի թիկունքի վետերան, 86-ամյա Անուշավան Մադոյանը, ով իր հայրենասիրական պարտքն է կատարել նաև 62 տարեկան հասակում, մասնակցելով Արցախյան սահմանների պաշտպանությանը: Գրական- երաժշտական միջոցառման ավարտին մարզային գրադարանի տնօրեն Անուշ Մարտիրոսյանը գրադարանի շնորհակալագրով խրախուսեց Մեծ հայրենականի և Արցախյան հերոսամարտի վետերան Անուշավան Մադոյանին և գավառցի, Մեծ հայրենականի թիկունքային բուժքույր Արմենուհի Բադեյանին: Իր խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոնարհումի և մեծարանքի խոսքեր հնչեցրեց բոլոր հաղթանակները կերտողների հասցեին, առողջություն մաղթելով նրանց, ովքեր այսօր ապրում են և կենդանի վկան են այդ իրադարձությունների: Մարզի ղեկավարի կարծիքով նման բովանդակություն ունեցող միջոցառումները շատ կարևոր նշանակություն ունեն հատկապես մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և հարկավոր է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել բոլոր կրթական և մշակութային հաստատություններում:,, Օրեր առաջ մենք նշեցին Հայոց ցեղասպանության 100- ամյակը, այսօր արդեն նախապատրաստվում ենք նշել մայիսյան եռատոնը: Սա մեր հայրենասիրական պարտքն է. ապրել, հիշել ու հպարտանալ, և փորձել ընդօրինակել բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործում: Ես շնորհավորում եմ ձեզ մայիսյան հաղթանակների առթիվ: Չկա այնպիսի ընտանիք, որն անմասն մնա այս հաղթանակներց: Եվ որպեսզի մենք միշտ հաղթանակների երգեր երգենք, հարկավոր է ազգովի լինենք միասնական ու համախմբված, դրանով իսկ հզորացնելով ու շենացնելով մեր երկիրը,, - իր եզրափակիչ խոսքում նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06