Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում

05.05.2015

Մայիսի 5-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի մարզում: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ՏԿԱԻ նախարարի առաջին կանգառը սահմանամերձ Վահան համայնքն էր: Նախարար Երիցյանը և մարզպետ Գրիգորյանը ծաղիկներ դրեցին Վահանում` Հայրենական մեծ պատերազմի և Վահանի ինքնապաշտպանության մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակն հավերժացնող հուշահամալիրին: Այնուհետև նախարարն այցելեց Վահանի` 2012 թվականին վերանորոգված մանկապարտեզ, ծանոթացավ տեղի հնարավորություններին և ընթացիկ աշխատանքներին, զրուցեց նաև վահանցիների հետ, ծանոթացավ համայնքում առկա խնդիրներին:  Վահանի համայնքապետը  նշեց, որ համայնքում մի քանի խնդիրների կողքին հիմնովին լուծված է խմելու ջրի խնդիրը: ,,Ուրախալի է, որ գյուղը չունի խմելու ջրի խնդիր: Ես այցելել եմ սահմանամերձ շատ համայնքներ և գրեթե բոլոր համայնքները խմելու ջրի խնդիր են ունեցել,,-ասաց նախարարը: Նախարար Երիցյանն այցելեց նաև մարտական դիրքեր, որտեղ հրամանատարության հետ քննարկեց քաղաքացիական պաշտպանության խնդիրներ: Ճամբարակ քաղաքում Արմեն Երիցյանը ծանոթացավ   առողջության կենտրոնում ընթացող շինարարական աշխատանքներին, զրուցեց բուժանձնակազմի հետ, նշելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում սահմանամերձ համայնքների շտապօգնության մեքենաների արդիականացման ուղղությամբ: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը Գավառ քաղաքում ներկա գտնվեց մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացմանը: Արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, այլ պաշտոնյաներ: Նախարարը շրջեց նորաբաց ՃԿԿ-ում, ծանոթացավ ստեղծված հնարավորություններին, ինչպես նաև հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին: Իր խոսքում Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել մարզային ՃԿԿ-ի հիմնադրման գործում:
,,Շուտով ,,911,, ծառայությունը կգործի մարզի բնակիչների համար և Գեղարքունիքի մարզի բնակիչների ահազանգերը կընդունվեն մարզային ՃԿԿ-ի կողմից: Բոլորին խստագույնս հանձնարարում եմ՝ բնակիչների զանգերին պատասխանել առավելագույնս բարեհամբույր և պատշաճ կերպով,, - ասաց նախարարը: Արմեն Երիցյանը նաև նշեց, որ սա մեծ նվաճում է մարզի համար և մեծ աշխատանքի սկիզբ: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին և ՏԿԱԻՆ անձնակազմին` բարձր գնահատելով արված աշխատանքը և կարևորելով այն հանգամանքը, որ դեռևս շատ անելիքներ կան մարզում ,,911,, ծառայության հասանելիության և տեղայնացման ուղղությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ ՏԿԱԻ նախարարը հանդիպում ունեցավ մարզի համայնքների և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսության ոլորտում գրանցված արդյունքները, խոսվեց նաև հողի հարկի ցածր ցուցանիշներ ապահոված համայնքներում կատարված ուսումնասիրությունների և դրանց լուծման հնարավորությունների մասին: Դիմելով ներկաներին, նախարար Արմեն Երիցյանը կարևոր համարեց մարզային այցերը, քանզի դրանք նպաստում են համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների բացահայտմանը, համագործակցված և արդյունավետ աշխատանք ծավալելուն: ,, Մենք պետք է միասին, ամենօրյա աշխատանք տանենք, որպեսզի նախ լուծում տանք համայնքներում առկա կարևորագույն խնդիրներին, եղած հնարավորությունները օգտագործելով նպատակային և արդյունավետ: Նախարարությունն էլ իր հերթին ձեզ հետ աշխատելու է բոլոր ուղղություններով, որպեսզի համագործակցված աշխատանքով բարելավենք տարածքային կառավարումը,, - իր խոսքը եզրափակեց նախարար Երիցյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38