Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լանջաղբյուր համայնքում նշվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցը

04.05.2015

Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ կթամշակութային հաստատություններում շարունակվում են Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցին նվիրված հիշատակության միջոցառումները, որոնցից հերթականը տեղի ունեցավ Լանջաղբյուր գյուղի մշակույթի տանը: Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ-բեմականացումը կազմակերպել էր Լանջաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը, Կարեն Հակոբյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, համայնքի բազմաթիվ անդամներ: Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի միջին եւ բարձր դասարանների աշակերտները պատմական ակնարկների, հայ դասական բանաստեղծների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ստեղծագործությունների, հայ անվանի կոմպոզիտորների՝ թեմատիկային համահունչ երգերի ու առանձին բեմականացումների միջոցով հանդիսատեսի դատին ներկայացրին թուրք ոճրագործների հայասպան քաղաքականության էությունն ու պատմությունը: Բեմականացվեցին Սիամանթոյի ,,Պարը,,, Վահագն Դավթյանի ,,Ռեքվիեմը,, բանաստեղծությունները, Մեծ եղեռնի մասին պատմող ահասարսուռ այլ տեսարաններ: Սակայն հայ անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչումները շնչում էին հայ ժողովրդի ապրելու կամքի, պայծառ ապագա կերտելու անմար հավատի ուժով: Ցերեկույթ-բեմականացման ավարտին հնչեց այն համոզումը, որ հայ ժողովուրդը ոչ միայն ստանալու է իր պահանջած հատուցումը, այլ նաեւ կերտելու է զորավոր, անպարտ այնպիսի հայրենիք, որին այլեւս երբեք չի կարող սպառնալ եւ ոչ մի ցեղասպանություն: ,,Ներկայացումը մի կողմից չափազանց հուզական էր, մյուս կողմից՝ հուսադրող ու ոգեւորող, որ մեր աշակերտներն այսքան խորությամբ գիտեն մեր ազգին պատուհասած ցավի մասին: Համոզված եմ, որ նրանք տեր կկանգնեն մեր հայրենիքին, նրա արժեքներին ու նվաճումներին՝ այդպես ամոքելով մեր համազգային ցավը: Թող այլեւս հայ սերունդները նման արհավիրք չտեսնեն,,-միջոցառման ամփոփիչ խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38