Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակերտում ևս հիշում են և պահանջում

30.04.2015

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի գրեթե բոլոր բնակիչների նախնիները Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ եղած և Արևմտյան Հայաստանի Վան, Մոկս, Ալաշկերտ գավառներից Սևանի ափ հասած և այստեղ նոր շեն հիմնած գաղթականներ են եղել: Հավատարիմ մնալով իրենց նախնիների հիշատակին, գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ, նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որոնք մեկնարկել են դեռևս 2015 թվականի մարտ ամսից: Դասարանական միջոցառումներ, զրույցներ, ընթերցումներ, շարադրություններ, համագյուղացի, եղեռնը վերապրածների շառավիղների հետ հանդիպումներ և այլն: Այնուհետև դպրոցում կազմակերպվել է ցեղասպանությանը նվիրված հայ և օտարազգի գրողների արձակ ստեղծագործություններից հատվածների ընթերցանության, ապա` ասմունքի մրցույթներ, որոնցում առավել աչքի ընկնողները խրախուսվել են խորհրդանշական հուշանվերներով: Դպրոցի 8-12-րդ դասարանցիների միջև կազմակերպվել է մրցույթ, որտեղ դպրոցականները իրենց գիտելիքներն են ստուգել ,,Ցեղասպանություն,, թեմայի վերաբերյալ: Միջոցառումների շարքը եզրափակվել է ապրիլի 22-ին` դպրոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցած միջոցառմամբ, որի ընթացքում դպրոցի շնորհալի աշակերտների ուժերով ներկայացվել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա պատմությունը: Միջոցառման ողջ ընթացքում ցուցադրվել են եղեռնը բնութագրող փաստավավերագրական դրվագներ, ինչպես նաև հատվածներ` ցեղասպանությանը նվիրված գեղարվեստական ֆիլմերից: Դահլիճում հնչել են նաև արդար վրեժի, հատուցման, պահանջատիրության, իրենց նախնիների մեկդարյա երազանքի իրականացման համար անձնուրաց պայքարելու վճռականության մասին խրոխտ խոսքեր ու երգեր: Միջոցառման վերջին ակորդը դարձել է հայոց «Քոչարին»` իբրև խորհրդանիշ հայ ժողովրդի միասնության և հայ ոգու անպարտելիության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38