Նորություններ
Ջահերով երթ` ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության զոհերի
24.04.2015

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապրիլի 23-ի երեկոյան ժամը-19.15-ին տրվեց հարյուր համազանգ` ի հիշատակություն եւ ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի: Եկեղեցում Հայոց ցեղասպանության անմեղ նահատակներին նվիրված հոգեհանգստյան կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր-Ներսես քահանան: Հոգեհանգստյան կարգից ու մոմավառությունից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Հացառատ թաղամասի հարյուրավոր քաղաքացիներ, որոնց շարքերում էին նաեւ ամենատարբեր տարիքի դպրոցականներ, ջահերով երթ կազմակերպեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան-խաչքար`ծաղկեդրումով, մոմավառությամբ, խոնարհումով հարգելով Հայոց անմեղ նահատակների սուրբ հիշատակը: Իրենց ելույթներում տարեց մարդիկ, ուսանողներն ու դպրոցականները երդումի պես խոստացան` լինել Հայաստանի արժանավոր զավակներ, պայքարի ու արարման գնով զորացնել հայրենի աշխարհը` ի հանգստություն1,5 միլիոն անմեղ զոհերի տառապյալ հոգիների: