Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորատուսում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար

22.04.2015

  Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հանդիսավորությամբ բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար:  Հուշարձան-խաչքարը կերտել են նորատուսցի քանդակագործ եղբայրներ Հովիկ եւ Խաժակ Կոստանյանները: Հուշարձանը պատվիրվել եւ պատրաստվել է Նորատուսի գյուղապետարանի միջոցներով, որի համար տեղական բյուջեից ներդրվել է 5 միլիոն 400 հազար դրամ: Հուշարձանն իր հանգրվանն է գտել Հայրենական մեծ պատերազմում զոհված նորատուսցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում: Այն ունի 5 մետր բարձրություն եւ 2,60 մետր լայնություն: 

Հայոց ցեղասպանության զոհերի հարյուրամյա հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի բացման հանդիսությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մայրաքաղաքից ժամանած հյուրեր, Նորատուսի միջնակարգ երեք դպրոցների ղեկավար կազմերը, ուսուցիչները եւ աշակերտները, բազմաթիվ անհատ քաղաքացիներ:ՙԱյս հուշարձան-խաչքարը հավերժացնելու է Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա հիշատակը: Թող այլեւս մեր ազգը նման արհավիրք չտեսնի, թող ծաղկի ու զորանա մեր հայրենիքը, թող մեր զինվորները ծառայեն միայն խաղաղ երկնքի տակ ու ողջ-առողջ վերադառնան տուն՚,-բացման խոսքում նշեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:
Նորաբաց Հուշարձան-խաչքարն օծվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի Գավառի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանի:ՙՀայրենակիցներ, մենք պետք է ինքնամաքրվելով լինենք պահանջատեր մեր արդար դատի՝ շարունակելով այն աղոթքներն առ Աստված, որ ողբերգաբար մեկ դար առաջ ընդհատվեցին մեր անմեղ նահատակների շուրթերին՚,-ներկաներին դիմեց Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը:
Պարույր Սեւակի ՙԵռաձայն պատարագ՚ պոեմից հատվածներ արտասանեցին Նորատուսի դպրոցականները: Ի ոգեկոչում Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի՝ Նորատուսի դպրոցականները Մեծ հայրենականում զոհված նորատուսցիների եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքում տնկեցին 100 ծառ: Հայոց ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան-խաչքարին ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դնելուց ու խոնարհվելուց հետո հանդիսության մասնակիցները ներկա գտնվեցին նաեւ Նորատուսի մշակույթի տանը կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38