Նորություններ
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթի մարզային փուլում
18.04.2015

,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի 8-րդ հանրապետական մրցույթի Գեղարքունիքի մարզային փուլն անցկացվեց ապրիլի 16-ին` Գավառի երաժշտական դպրոցի դահլիճում: Մասնակցում էին Կարմիրգյուղի և Նորատուսի արվեստի, Գավառի, Գանձակի, Վարդենիսի N1 և N2 երաժշտական դպրոցների մանկական երգչախմբերը: Գավառի և Վարդենիսի N1 երաժշտական դպրոցների երգչախմբերը ընդգրկված էին «մեծերի երգչախումբ» , իսկ մյուս դպրոցների երգչախմբերը` «փոքրերի երգչախումբ» տարիքային խմբում: Մրցույթի մասնակիցները ներկայացրել էին տարբեր բնույթի 4 ստեղծագործություն, որոնցից երկուսը պարտադիր ստեղծագործություններ էին: Այդ ստեղծագործությունների կատարումները նվիրված էին Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ մշակույթի նախարարության, «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա» հասարակական կազմակերպության և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորության ամբիոնի ներկայացուցիչներ: Երգչախմբերի ելույթներից հետո կազմակերպվեց քննարկում, իսկ երգչախմբերի ղեկավարների և կոնցերտմայստերների համար անցկացվեց վարպետության դաս: Մրցույթի արդյունքները կամփոփվեն Երևանում և լավագույն երգչախումբը կհրավիրվի մասնակցելու եզրափակիչ փուլին: