Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառ քաղաքում ՀՀ Ազգային արխիվի կողմից ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարներ և փաստաթղթեր

15.04.2015

Գավառ քաղաքի մշակույթի պալատում ապրիլի 15-ին ՀՀ Ազգային արխիվի կողմից հանրությանը ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք Գեղարքունիքի մարզում ցուցադրվում են առաջին անգամ: Ցուցադրությանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառի և մի շարք գյուղական համայնքների կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Ցուցադրությանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող առանձին նյութերով ներկայացել էին Գավառ քաղաքի երկրագիտական թանգարանի աշխատակիցները: Դիմելով ներկաներին` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ այսօր աշխարհն է միացել մեր պայքարին, որտեղ ավելի շատ խոսում է հոգու ու խղճի ձայնը և ոչ թե պարտադրանքը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ Ազգային արխիվին` նման բացառիկ ու արժեքավոր ցուցադրություն կազմակերպելու համար: Այնուհետև ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ցուցադրության մասնակիցներին բաժին առ բաժին ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը հաստատող լուսանկարների և փաստաթղթերի պատմությունները: ,,1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի արդյունքում Արևելյան Հայաստան են գաղթել եղեռնազարկից փրկված ավելի քան 60 հազար որբեր, ովքեր խնամվել են Հայաստանի տարբեր քաղաքների որբանոցներում կամ հայ ընտանիքներում և հետագայում դարձել Հայաստանի լիիրավ քաղաքացիներ: Այս ցուցադրությունները կատարվում են Հայաստանի այն քաղաքներում, ուր ժամանակին ապաստանել են այդ որբերը: Առաջին ցուցադրությունը սկսում ենք Գավառ քաղաքից,, - նշեց Ամատունի Վիրաբյանը: Ըստ բանախոսի ներկայացվող նյութերը չափազանց կարևոր վավերագրեր են, որոնք փաստում են 1915 թվականի Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի հայաշատ վայրերում կատարված ցեղասպանության և նրանից բխող ծանր հետևանքների մասին: Այսպես, նյութերից մեկը, որը պահպանվել է ՀՀ Ազգային արխիվում, փաստում է 1916-17 թվականներին Նոր Բայազետ քաղաքում բացված Կովկասի հայկական բարեգործական ընկերության գաղթականական դպրոցի աշակերտների անվանացանկը, որի թիվը հասնում է 265-ի: Փաստաթղթեր և լուսանկարներ են պահպանվել նաև եղեռնից մազապուրծ և Նոր Բայազետ գաղթած 20 քահանաների, նաև` առանձին ընտանիքների մասին: Մեկ այլ փաստաթղթի վկայությամբ` Նոր Բայազետում ապաստանած որբերին և գաղթականներին օժանդակելու նպատակով հավաքվել է 7701 ռուսական ռուբլի, որն այն ժամանակներում ունեցել է բավականին պատկառելի արժեք: Փաստաթղթեր են պահպանվել նաև 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի արդյունքում տեղի ունեցած նոր գաղթի մասին: Լուսանկարներից մեկը պատկերում է Մշո գավառի գյուղերից մեկում տեղի ունեցած վայրագությունը, որտեղ հայ մարդկանց խմբերով լցրել են մարագը և այրել` առանց այդ եղեռնագործության հետքերը ծածկելու: ,, Այս բացառիկ լուսանկարը 1916 թվականին արել են հայ կամավորները: Սա աշխարհին ցույց է տալիս, թե ինչ դաժանությամբ են վարվել թուրքերը հայ ժողովրդի հետ` նրանց կենդանի կենդանի այրելով և թողնելով անթաղ: Այս նյութերը թարգմանվել են աշխարհի ամենատարբեր լեզուներով և ներկայացվելու են մարդկության դատին,,- ներկայացրեց Ամատունի Վիրաբյանը: Գավառի երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը մասնակիցներին ներկայացրեց այն հայ ընտանիքների լուսանկարները, ովքեր վերապրել են Մեծ եղեռնը և տուն ու աշխատանք գտել Նոր Բայազետում: ՀՀ Ազգային արխիվի կողմից ցուցադրված 12 վահանակները և 15 փաստաթղթերը, որոնք պատմում են նաև Նոր Բայազետ քաղաքի հիմնադրման մասին, Գավառի մշակույթի պալատում մեկ շաբաթ ցուցադրվելուց հետո կհանձնվեն Գավառի երկրագիտական թանգարանի պահպանմանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38