Նորություններ
Կիրականացվի ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը
05.04.2015

Գավառի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում երիտասարդների մասնակցությամբ քննարկվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ներկայացված ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագիրը: Քննարկումը վարեց Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության, մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը: Քննարկմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի անդամները, Գավառի պետական համալսարանի ուսխորհրդի, գիտխորհրդի ներկայացուցիչները, տարածաշրջանի հասարակական կազմակերպությունների, Գավառի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտները, ուսանողներ եւ ակտիվ երիտասարդներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության, ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանն անդրադարձավ ,,ՀՀ հասարակական-քաղաքական գործընթացներին մարզային երիտասարդության մասնակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծման,, ծրագրի խնդիրներին, նշելով, որ անհրաժեշտ է զարգացնել մարզային երիտասարդական կազմակերպությունների կարողությունները եւ կատարելագործել մարզպետարանների աշխատակազմերի համապատասխան մասնագետների` երիտասարդության ոլորտի վերաբերյալ մասնագիտական հմտությունները: Ծրագրի մեկնարկը կտրվի մայիսի 1-ից եւ կավարտվի 2017 թվականի դեկտեմբերի 30-ին: Ծրագրի իրականացումը կհամակարգի տարբեր նախարարություններից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը: Իրականացված ծրագիրը լուծելու է մարզային երիտասարդության իրավագիտակցական մակարդակի բարձրացման, մասնագիտական կողմնորոշման, բիզնես սկսելու եւ վարելու հետ կապված խնդիրները: Բանախոսը նշեց, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է նաեւ մարզային երիտասարդության արտագաղթի եւ ներքին միգրացիոն գործընթացների կանխում: