Նորություններ
Համայնքներում կներդրվի ,,Կրթական որակ և բարելավում,, ծրագիրը
03.04.2015

Ապրիլի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Կրթության և գիտության նախարարության ,, Կրթական ծրագրերի կենտրոն,, ԾԻԳ տնօրեն Հասմիկ Ղազարյանին: ՀՀ ԿԳ Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման նպատակն էր` մարզի ղեկավարի հետ քննարկել մարզի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ,,Կրթական որակ և բարելավում,, ծրագրի շրջանակներում 2015թվականին իրականացվող ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր: ,,Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի,, կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության 75% ներդրմամբ և համայնքների 25% համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համայնքներում ապահովել անհրաժեշտ և բավարար պայմաններ` նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության տոկոսը բարձրացնելու և դաստիարակությունը որակյալ մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում հայտարարել մրցույթ և ըստ ծրագիր պահանջների, մրցույթում նախապատվությունը տալ այն համայնքներին, որտեղ ավելի շատ է նախադպրոցական տարիքի երեխաների թիվը և համաֆինանսավորման` համայնքի պատրաստակամությունը: Գեղարքունիքի մարզում նախատեսվում է ծրագիրն իրականացնել մեկ տասնյակից ավելի համայնքներում:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկությամբ ծրագրի պատասխանատուները կքննարկեն նաև Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում սփյուռքահայ բարերարների նվիրատվությամբ վերանորոգված, սակայն չգործող մանկապարտեզի տարածքում նախակրթարան ստեղծելու հարցը: Մարզպետը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության ԾԻԳ-ին` նման ծրագրեր իրականացնելու համար, քանզի ծրագիրը թեկուզ նվազագույն ծախսերով կարողանում է ապահովել ցանկալի արդյունք: