Նորություններ
ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ
17.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 17-ի գիշերը տեղումները թափվել են թաց ձյան տեսքով, ինչի արդյունքում դժվարանցանելի վիճակ է առաջացել տրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան առավելագույն շերտը ձեւավորվել է Գավառի տարածքում՝ 10-15 սանտիմետր: Ճամբարակում այն կազմել է մինչեւ 8, Վարդենիսում, Մարտունիում եւ Սեւանում՝ 3-5 սանտիմետր: Ճանապարհներին ձեւավորվել է ձյան շերտ կամ մերկասառույց: Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտվանից սկսել եւ շարունակում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները:Առավել դժվարանցանելի վիճակ առաջացել է Վարդենյաց լեռնանցքներում եւ Ճամբարակում: Երկու տեղերում էլ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդեն վերականգնվել է տրանսպորտային անխափան երթեւեկությունը: Մարզի այլ տարածքներից ճանապարհների փակ լինելու մասին ահազանգեր չեն ստացվել: