Նորություններ
ՄԱՐԶՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԸՆԹԱՆԱՆ ԲՈԼՈՐ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
09.03.2015

Այսօր Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվեց Գեղարքունիքի մարզում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը, որը մարզպետի հաստատմանն էր ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կողմից: Ծրագրի կատարված ու կատարվելիք կետերի շուրջ եղան առանձին քննարկումներ, հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից, արվեցին լրացուցիչ առաջարկություններ: ,,Տարվա ընթացքում կարող են ծնվել նոր մտահղացումներ, նախաձեռնություններ, որոնք կբխեն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական Հռչակագրի պահանջներից: Դրանք կոգեկոչեն ինչպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այնպես էլ ազգային- ազատագրական ու ինքնապաշտպանական պայքարի գործիչներին, կփառաբանեն մեր ազգային նվաճումներն ու արժեքները, ցեղասպանությունից վերապրելու մեր կամքն ու կորովը,,-նշեց մարզպետը: Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց նաեւ համատեղ միջոցառումների շարք անցկացնել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ բանակային ստորաբաժանումների եւ Գավառի պետական համալսարանի հետ: Բայց առավելապես պետք է հագեցած միջոցառումներ կազմակերպել հանրակրթական դպրոցներում: ,,Պետք է յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա հստակ պատկերացում ունենա, թե ինչ է կատարվել իր նախնիների, իր պատմական հայրենիքի հետ, ինչ արհավիրքից է վերապրել ու ծնունդ առել Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, մատաղ սերնդին պետք է ավելի շատ ներարկել ինքնապաշտպանական ոգի ու հայրենասիրություն,,-կարծիք հայտնեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը նաեւ ցուցում տվեց՝ հանրակրթական բոլոր հաստատություններում անցկացնել հատուկ դասաժամ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի Համահայկական Հռչակագրի ընթերցմանը եւ մեկնաբանմանը: