Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ ԷՐ
03.03.2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակ քաղաքում: Ռաֆիկ Գրիգորյանը ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանի, ,,Հայռուսգազարդ,, եւ ,,Հայկական էլեկտրացանցեր,,ՓԲԸ Ճամբարակի տեղամասերի ներկացուցիչների հետ քննարկեց ՀՀ կառավարության կողմից սահմանամերձ Ճամբարակ քաղաքի եւ Վահան գյուղի բնական գազ եւ էլեկտրաէներգիա սպառողների համար սահմանված արտոնությունների կիրառման ընթացքի հետ կապված խնդիրներ: Ինչպես մարզպետին ներկայացրին քննարկման մասնակիցները, Ճամբարակի եւ Վահանի բնակիչները 2015 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին սպառած բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց ստացել են փոխհատուցումները օրենքով սահմանված կարգով, սակայն դեռեւս կան որոշակի ճշգրտումներ ու հստակեցումներ: Մասնավորապես ցուցակներում պետք է հստակեցվեն այն ընտանիքիների հասցեները եւ փոխհատուցման չափը, ովքեր բնական գազ սպառող բաժանորդներ չեն եւ փոխարենը պետք է լրացուցիչ փոխհատուցում ստանան սպառած էլեկտրաէներգիայի դիմաց: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հորդորեց կողմերին՝ մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել օգտագործված գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված արտոնություններից օգտվողների ցուցակները, փոխհատուցվող գումարի չափը եւ դրանք ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան: ,,Պետք է աշխատել համագործակցված, մանրակրկիտ և հասցեական, որպեսզի պետության կողմից տրամադրված միջոցները ծառայեն միայն կարիքավոր բնակչությանը: Նաեւ հարկավոր է կառավարության կողմից սահմանված արտոնությունների կարգը իրազեկել բնակչությունը,, ,-հրահանգեց մարզպետը: Շահագրգիռ կողմերը հավաստիացրին, որ ճշգրտված ցուցակները սահմանված ժամկետում կներկայացվեն մարզպետարան: Ապա մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն: 4 քաղաքացի մարզպետին դիմեցին տարբեր բնույթի հարցերով, 57 քաղաքացի՝ դրամական օգնության խնդրանքով, որոնց պահանջը բավարարվեց տեղում:
Ռաֆիկ Գրիգորյանն այցելեց նաեւ Ճամբարակի առողջապահության կենտրոն՝ դիտարկելու հաստատության շենքի հիմնանորոգման ընթացքը: Մոնիտորինգի նպատակով կենտրոնում էին նաեւ շահագրգիռ կողմ հանդիսացող ՀՀ Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի, ,,Վորլդ Վիժն,, Հայաստան հասարակական կազմակերպության եւ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչները, ովքեր հավաստեցին, որ հաստատության ժամանակակից բուժսարքավորումների ձեռքբերման եւ կահավորման խնդիրները մասնակիորեն լուծված են և իրենց տեղը կգտնեն շենքի հիմնանորոգման ավարտից հետո: Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի ներկայացուցիչն իր հերթին հավաստեց, որ կարվի հնարավորը՝ մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար:


