Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
27.02.2015

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, մարզի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի պատասխանատուների, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական տարվա հերթական խնդիրները: Մարզի գյուղատնտեսական ոլորտի 2014 թվականի ձեռքբերումների եւ 2015 թվականի գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը: Նա նշեց, որ նախորդ տարում Գեղարքունիքի մարզը գյուղմթերքների արտադրության, ինչպես նաեւ անասնագլխաքանակի աճ է արձանագրել բոլոր ուղղություններում եւ ապահովել է բոլոր նախադրյալները՝ հերթական գյուղատնտեսական տարին նոր ձեռբերումներով փակելու համար: Գյուղատնտեսական տարվա խնդիրների եւ առաջնահերթ անելիքների մասին խոսեց եւ պարզաբանումներ տվեց նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարի խոսքով Հանրապետությունում նախորդ տարում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 994 միլիարդ դրամ, որից 189 միլիարդ դրամը կամ 19 տոկոսը բաժին է ընկել Գեղարքունիքի մարզին: Այս նշանակալի ձեռքբերումները Սերգո Կարապետյանը պայմանավորեց կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ինչպես նաև մարզի գյուղացիական տնտեսությունների ջանադիր աշխատանքով: ,,Գեղարքունիքի մարզը կարող է իր հնարավորություններով կրկնապատկել եղած անասնագլխաքանակը, քանի որ ունի լեռնային մեծածավալ արոտավայրեր: Պետական աջակցության ծրագրերով մենք կշարունակենք նպաստել անասնագլխաքանակի հնարավոր աճին, գյուղմթերքների վերամշակման ձեռնարկություննների հիմնմանը, գյուղատնտեսական արտադրանքի իրացմանը, մանավանդ որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամնակցությունից հետո արտահանման համար բացառիկ ու շահավետ պայմաններ են ստեղծվել,,- նշեց Սերգո Կարապետյանը: Նախարարը հավաստիացրեց նաեւ, որ պետությունը ցանկացած պահանջարկի դեպքում շարունակելու է գյուղացիական տնտեսություններին տրամադրել սուբսիդավորված պարարտանյութեր, դիզվառելիք եւ սերմացու: Ազոտական պարարտանյութը տնտեսություններին վաճառվելու է 6 հազար, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը՝ 7 հազարական դրամով՝ նախորդ տարվա գներով: Ըստ նախարարի՝ գյուղատնտեսական վարկերն այս տարի կսուբսիդավորվեն 6 տոկոսով եւ կտրամադրվեն ապրիլի 1-ից, հայկական դրամով: ,,Տարեցտարի մտածում ենք գյուղատնտեսական վարկերի ծավալների ավելացման եւ մարման ժամկետների երկարացման մասին, որպեսզի տրամադրվող վարկերը գյուղացիների համար լինեն մատչելի եւ արդյունավետ,, - ասաց Սերգո Կարապետյանը:Նախարարն անդրադարձավ նաեւ Գեղարքունիքի մարզի ավելի քան 20 համայնքներում կառավարության կողմից իրականացվող ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, ընթացքին եւ շարունակությանը՝ իր գոհունակությունը հայտնելով իրականացված ծրագրի արդյունքներից: ,,Ծրագրի իրականացման համար Գեղարքունիքի մարզում կառավարության ներդրումը կազմել է 1 միլիարդ 950 միլիոն դրամ, ինչի արդյունքում համայնքներում ջրարբիացվել են հազարավոր հեկտարների արոտավայրեր, թարմացվել է գյուղմեքենաների պարկը, ավելացել է անասնագլխաքանակը, մշակվող վարելահողերի տարածքը: Այս տարվա երկրորդ կիսամյակից Գեղարքունիքում սկսվելու է նույն ծրագրի երկրորդ փուլը, որտեղ շեշտը դրվելու է համայնքներում գյուղմթերքների վերամշակող ձեռնարկությունների հիմնման, սառնարանային տնտեսությունների ստեղծման, սպանդանոցների կառուցման, արտադրանքի պիտակավորման եւ փաթեթավորման հետ կապված խնդիրների վրա: Սերգո Կարապետյանն անդրադրաձավ նաեւ ոռոգման համակարգի հետ կապված խնդիրներին, նշելով, որ մարզի ջրօգտագործող ընկերություններին կտրամադրվեն որոշակի միջոցներ՝ ոռոգման շրջանի բավարար նախապատրաստման համար: Ըստ նախարարի՝ կշարունակվեն նաեւ մարզի գյուղտեխնիկայի նորացման ու համալրման հետ կապված ծրագրերը:Նախարարն իր խոսքի ավարտին եւս մեկ անգամ հորդորեց գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին ու համայնքի ղեկավարներին՝ ավելացնել գյուղմթերքների, հատկապես կարտոֆիլի արտադրությունը, որի արտահանման համար հսկայական պահանջարկ է առաջացել: Մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ ներդրում ունեցած մի շարք գյուղացիական տնտեսությունների ղեկավարներ եւ գյուղաշխատողներ պարգեւատրվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Ոսկե հուշամեդալով,, եւ շնորհակալագրերով: Գեղարքունիքի մարզում ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, ընթացքի եւ երկրորդ փուլի ներդրումների մասին պարզաբանումներ ներկայացրեց գյուղնախարարության ԾԻԳ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանը, հավաստելով, որ ծրագրում կարող են ընդգրկվել նաեւ Գեղարքունիքի մարզի մնացած այն համայնքները, որոնց կողմից ներկայացված չափանիշները կհամապատասխանեն ,,Հաշխարհային բանկի,, եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին: Իր ամփոփիչ խոսքում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այսուհետ էլ գյուղնախարարության հետ կշարունակվեն համագործակցության ծրագրերը, կարվի հնարավորը՝ ոլորտի առջեւ ծառացած խնդիրները քայլ առ քայլ լուծելու համար: ,,Ոլորտի առջեւ ծառացած խնդիրները շատ են, հնարավորությունները՝ սահմանափակ: Հրատապ հարցեր կան, որ կարող են լուծվել քիչ միջոցներով, մեր հնարավորությունների սահմաններում, հարցեր էլ կան, որ տեւական ժամանակ ու մեծ միջոցներ են պահանջում: Բայց կձգտենք դրանք լուծել քայլ առ քայլ՝ չանտեսելով համայնքների առջեւ ծառացած որեւէ գյուղատնտեսական խնդիր,,,- նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումից հետո այցելեց Լճաշեն համայնքում գտնվող կաթի վերամշակման արտադրամաս: