Նորություններ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԾՎԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔ
25.02.2015

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանում: Արծվանիստ համայնքում նա այցելեց համայնքի բուժամբուլատորիա, դիտարկեց համայնքի բնակիչներին մատուցվող բուժսպասարկման աշխատանքների որակը եւ ամբուլատորիայի շենքային պայմանները: Մարզի ղեկավարը աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում լուրջ խոչընդոտ համարեց բուժկետում ջեռուցման համակարգի բացակայության խնդիրը, ինչը, ըստ նրա, կառույցի տնօրեն Մարիամ Հարությունյանի ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է: Խնդրի կարգավորման ուղղությամբ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց կազմակերպել քննարկում եւ տալ շուտափույթ լուծում: Արծվանիստի միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ մանկավարժական կոլեկտիվի հետ, լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, պատասխանեց մանկավարժներին մտահոգող մի շարք հարցերի, ծանոթացավ դպրոցի շենքային պայմաններին: Այստեղ 2008 թվականից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները, իսկ 2012 թվականին դրանք դադարեցվել են շենքի սեյսմիկ վիճակի ուսումնասիրման նպատակով: Մարզպետը տեղեկացրեց, որ դպրոցի շինարարական աշխատանքները շարունակելու համար արդեն ավարտին է հասցվել նախագծանախահաշվային փաստաթղթի մշակումը, եւ շինարարությունը կսկսվի ֆինանսավորման դեպքում:
Համայնքի բնակիչների հետ մարզպետը քննարկեց ներհամայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման, համայնքային բնույթի այլ հարցեր: Զրույցի ընթացքում Ռաֆիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ աջակցություն կցուցաբերի Արծվանիստի խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգման հարցում, իսկ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով մարզպետը նշեց, որ Արծվանիստում արդեն ձևավորվել է գյուղատնտեսական կոոպերացիան և համայնքին առաջիկայում հատկացվելու է կառավարության կողմից տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկաների մոտ 12-13 տեսակ: Աշխատանքային այցի ավարտին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եղավ Մարտունու քաղաքապետարանում, որտեղ տարաբնույթ հարցերի շուրջ խորհրդակցություն-քննարկում անցկացրեց Մարտունու տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: