Նորություններ
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՕՆԼԱՅՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ ՄԱՐԶԻՑ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 3400 ԱՇԱԿԵՐՏ
19.02.2015
Գեղարքունիքի մարզում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը կմեկնարկի փետրվարի 21-ին: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության տեղեկացմամբ դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին կմասնակցեն դպրոցական եւ տարածքային փուլերն հաղթահարած աշակերտները:
Մարզային փուլը կմեկնարկի Գեղարքունիքի մարզի Մարտունու N2 հիմնական դպրոցում մաթեմատիկա առարկայից: Տարածքային փուլն անցկացվել է մարզի հինգ, իսկ դպրոցական փուլը` 123 դպրոցներում: Չորս առարկաների` աստղագիտության, քիմիայի, կենսաբանության եւ ինֆորմատիկայի գծով Հանրապետությունում առաջին անգամ օլիմպիադան կանցկացվի օնլայն եղանակով, իսկ մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից նույն եղանակով օլիմպիադան անցկացվում է արդեն երկրորդ անգամ:
Նշված 6 առարկաներից դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզից հայտագրվել է 3400 աշակերտ` մաթեմատիկա առարկայից 1681, ֆիզիկայից` 568, կենսաբանությունից` 480, քիմիայից` 383, ինֆորմատիկայից` 266 եւ աստղագիտությունից` 22 աշակերտ: