Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ 2015Թ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

17.02.2015

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում փետրվարի 17-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի 2015 թվականի առաջին նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, մարզի խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին  ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Փրկարար ծառայության պատասխանատուներ, մարզխորհրդի անդամներ, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի տարածքային զինկոմներ, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Գեղարքունիքի մարզում 2014 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, նշելով, որ մարզում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները կատարվել են ըստ պլանային առաջադրանքի: Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատանքային միգրանտների հանդեպ սահմանված մուտքի արգելքի վերանայման հարցի եւ ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի թույլտվություն ստանալու գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սեւակ Խլղաթյանը: Նա նշեց, որ Գեղարքունիքի մարզից ՌԴ մեկնող աշխատանքային միգրանտների կողմից արգելման մուտքի վերանայման հետ կապված դիմումները, սկսած անցած տարվա հունիս ամսից, մուտքագրվում են Գեղարքունիքի մարզպետարանում, հաշվառվում եւ ուղարկվում ՏԿԱԻՆ միգրացիոն վարչություն, այնուհետ՝ ՌԴ միգրացիոն ծառայություն, որտեղ եւ քաղաքացիներին պատասխանում են օրենքով սահմանված կարգով: Հաստատված համագործակցության շնորհիվ արդեն մի շարք աշխատանքային միգրանտների մուտքը ՌԴ արդեն թույլատրվել է, իսկ մյուս դիմողների պատասխանները կտրվեն առաջիկայում: Սևակ Խլղաթյանը մարզխորհրդի անդամներին տեղեկատվություն ներկայացրեց նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա հունվարի 2-ից սահմանված աշխատանքային միգրացիայի համար սահմանված կարգի մասին:
Օրենսդրությամբ սահմանված կարգով 2014 թվականի 4-րդ եռամսյակում մարզպետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից մարզի 9 համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեությունը համակարգող վարչության պետ Իվան Ասատրյանը: Ըստ զեկուցողի՝ ուսումնասիրված բոլոր համայնքներում արձանագրվել են գրեթե նույն կարգի թերություններ և բացթողումներ, որոնք շտկելու նպատակով մարզպետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ: Վարչության պետը միաժամանակ տեղեկացրեց, որ 2014 թվականի վարչական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ 2015 թվականին  ՏԿԱԻ նախարարության կողմից արդեն հաստատված վարչական հսկողություն իրականացնելու ծրագիրը տեղադրված են մարզպետարանի կայքէջում:
Օրակարգի վերջին հարցի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Վերգինե Ղուկասյանը: Նա նշեց, որ 2014 թվականի ընթացքում պետական մարմիններից, համայնքներից, մարզային ենթակայության կազմակերպություններից, ոչ պետական կազմակերպություններից եւ քաղաքացիներից մարզպետարանի աշխատակազմ է մուտքագրվել 10089 մտից փաստաթուղթ, որից՝ 1624 դիմում, եւ առաքվել է 5144 ելից փաստաթուղթ: Սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմած 740 քաղաքացիներից 631-ը ստացել են դրամական օգնություն: Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ստանալու խնդրանքով դիմում ներկայացրած 144 քաղաքացիներից 130-ը ուղեգրվել են տարբեր բժշկական հաստատություններ: Առողջարանային ուղեգիր ստանալու խնդրանքով դիմած 93 քաղաքացիներից 70-ը ուղեգրվել են հանրապետության տարբեր առողջարաններ: Այլ խնդիրներով մարզպետին է դիմել 580 քաղաքացի: Մուտքագրված 1624 դիմումներից 67-ը բողոքներ են: Բոլոր դիմումները քննարկվել են մարզպետարանի աշխատակազմում եւ պատասխանվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ելույթներով եւ հայտարարություններով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ: Իր ամփոփիչ խոսքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անդրադարձավ ձմեռային զորակոչի անցկացման եւ 2015 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքներին՝ դրվատելով զորակոչն իրականացնող կառույցների արդյունավետ աշխատանքը: Խոսելով ՌԴ-ում աշխատանքային միգրանտ հանդիսացող ՀՀ քաղաքացիների մուտքի արգելանքի վերանայման հետ կապված խնդիրների մասին՝ մարզի ղեկավարն առաջարկեց համայնքներում ստեղծել համապատասխան հանձնաժողովներ, որտեղ կհավաքագրվեն ու մարզպետարան կներկայացվեն քաղաքացիների փաստաթղթերը: Մարզպետը խոսեց նաեւ համայնքներում վարչական հսկողության ընթացքում բացահայտված թերությունները սեղմ ժամկետում շտկելու, համայնքներում սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրելու հետ առնչվող հարցերի մասին:
ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն իր ելույթում անդրադարձավ համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը պահպանելու, համայնքներում աշխատավարձերի պարտքերի մարման գործընթացը 2015թվականին ավարտին հասցնելու, համայնքային բնույթի այլ խնդիրներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 18:09:01