Նորություններ
ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆՈՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
11.02.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած խորհրդակցությունը նվիրված էր մարզի մի շարք համայնքների ջրամատակարարման համակարգերի նորացման ընթացքի, հետագա ծրագրերում նոր համայնքների ներգրավման, ոլորտում առկա այլ խնդիրներին: Խորհրդակցությանը մասնակցում էին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը, նույն կազմակերպության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների ղեկավարները եւ մասնաճյուղերի պետերը, շահագրգիռ կողմ հանդիսացող Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Սեւան, Ճամբարակ, Գավառ քաղաքային եւ Դդմաշեն, Ծաղկունք, Սեմյոնովկա, Ծավագյուղ, Լճաշեն, Ծովազարդ, Գանձակ, Սարուխան, Ծաղկաշեն, Ներքին Գետաշեն, Գեղհովիտ, Ակունք, Նորակերտ, Շատվան գյուղական համայնքերի ղեկավարները: ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ գործադիր տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրեց 2014 թվականին Գեղարքունիքի մարզում կատարված աշխատանքները եւ հավաստեց, որ կիսատ մնացած ծրագրերը շարունակվելու են 2015 թվականին ու դրան հաջորդող տարիների ընթացքում:ՙԳեղարքունիքի մարզում մեր սպասարկման ոլորտում գտնվող խմելու ջրի մատակարարման համակարգի նորացման համար պահանջվում է մոտ 100 միլիոն դոլար, մինչդեռ առ այսօր կատարված մեր ներդրումները կազմել են մոտ 20 միլիոն դոլար: Համակարգի նորացման խնդիրները հնարավոր կլինի կարգավորել առաջիկա տարիների ընթացքում, աստիճանաբար, սահմանված ժամանակացույցով՚,-նշեց Լորենը: Համայնքի ղեկավարները ներկայացրին իրենց համայնքներում ջրամատակարարման հետ կապված առկա խնդիրները, առաջիկա հրատապ անելիքները, շինարարական աշխատանքների ընթացքը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության հետ հետագա համագործակցության մասին՝ գոհունակություն հայտնելով համագործակցության ներկա ընթացքից: Իր խոսքում եւս Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գոհունակություն հայտնեց համայնքերի եւ ՙՀայջրմուղկոյուղի՚ ընկերության միջեւ հաստատված փոխըմբռնման ու հուսալի համագործակցության ընթացքից, հույս հայտնելով, որ առաջիկա տարիներին այդ նույն համագործակցության շնորհիվ ջրամատակարարման համակարգում շատ խնդիրներ իրենց լուծումը ստացած կլինեն:ՙԿարեւորն այն է, որ ստեղծվել է փոխադարձ վստահության մթնոլորտ համայնքների եւ ոլորտը սպասարկող կազմակերպության միջեւ:Այսօր մենք խորհրդակցության ենք հրավիրել այն համայնքների ղեկավարներին, որոնցում առկա են դեռեւս չկարգավորված խնդիրներ: Համոզված եմ, որ համագործակցության նման պայմաններում առաջիկա մեկ տարում խնդիրները մեզանում պակասած կլինեն կիսով չափ՚,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետը: Ռաֆիկ Գրիգորյանի առաջարկով հատուկ քննարկվեցին Վարդենիս եւ Ճամբարակ քաղաքների ջրամատակարարման համակարգերի նորացման հետ կապված խնդիրները: