Տպել
Նորություններ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՖԻԶԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ <<ԳԵՂԱՄԱ ԱԼԻՔՆԵՐ>> ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
06.02.2015

Գեղարքունիքի մարզպետարանում պարգեւատրվեցին ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված ֆիզիկա առարկայի ՙԳեղամա ալիքներ՚ խորագրով օլիմպիադայի մարզային փուլի հաղթողները: Պարգեւատրման արարողությանը ներկա էին ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներ, մանակավարժներ, կրթության ոլորտի աշխատակիցներ եւ աշակերտներ: Պատվոգրերը հաղթողներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Կռոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակիցները:
ՙՉափագիտության ազգային ինստիտուտը բնական սերնդափոխության խնդիր ունի: Մենք նպատակ ունենք ֆիզիկա առարկան ընտրող աշակերտներին ոգեւորելու, առաջնորդելու եւ հետագայում նաեւ նրանց աշխատանքով ապահովելու՚, -իր խոսքում նշեց Չափագիտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Արմեն Կռոյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով՝ 2015թ. հունվարի 30-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցում կայացավ օլիմպիադայի մարզային փուլը <<Ֆիզիկա>> առարկայից: Մարզային փուլին մասնակցել են դպրոցական փուլում հաղթած թվով 27 աշակերտ, որից 11-ը`10-րդ դասարանից, թվով 11-ը` 11-րդ դասարանից եւ 5-ը` 12-րդ դասարանից:
Մարզային փուլի առաջնային տեղերը գրավել են Մարտունու ավագ դպրոցի աշակերտները: Առաջին մրցանակը նվաճել է Անուշ Զաքարյանը, երկրորդը` Վոլոդյա Արեւշատյանը եւ երրորդը` Մերի Կարապետյանը: Նրանք պարգեւատրվեցին համակարգչով եւ համակարգչային պլանշետներով: ՀՀ Չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարության կողմից պատվոգրերի արժանացան Ծովակի միջնակարգ դպրոցից Սյուզաննա Սարգսյանը, Մարտունու ավագ դպրոցից՝ Դիաննա Փինաչյանը, Լիճքի միջնակարգ դպրոցից՝ Լեւոն Պողոսյանը եւ Ծովակի միջնակարգ դպրոցից՝ Լորետա Ղանդիլյանը: