Նորություններ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
19.01.2015
Սույն թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի № 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» № 1444-Ն որոշումը, որով սոցիալական աջակցություն կտրամադրվի ՀՀ Արարատի (թվով 1), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 24) 32 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Աջակցություն ստացող համայնքների ցանկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք, մասնավորապես, հանդիսանում են այն համայնքները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում՝ Ադրբեջանի հանրապետության կողմից ենթարկվել են գնդակոծության: Աջակցությունը նախատեսվում է տրամադրել բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի, և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:
Որոշմամբ ՀՀ կառավարությունը 2015 թվականի համար նախատեսում է աջակցություն տրամադրել բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով: Աջակցություն նախատեսվում է տրամադրել նաև այն բաժանորդների համար, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2015թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվելու է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար:
Ոռոգման ջրի համար նախատեսված աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով:
Ամբողջությամբ փոխհատուցվելու է նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկը և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկը: