Նորություններ
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀ ԶՈւ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
13.01.2015

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարի 2014 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունն ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումների հրամանատարները, սպաները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային զինվորական կոմիսարները, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը սկսվեց պարգեւատրման արարողությամբ: ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը զենքով, պատվո դրոշով, դրամով, կենցաղային թանկարժեք իրերով եւ ժամացույցով պարգեւատրեց անցած տարում ծառայության մեջ աչքի ընկած սպաներին ու զինծառայողներին, հրամանատարներին, առանձնացված ստորաբաժանումներին՝ սահմանված ամենատարբեր անվանակարգերում: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակաշինության եւ ռազմահայրենասիարական դաստիարակության մեջ մեջ ներդրած ավանդի համար Պաշտպանության նախարարության հուշամեդալներով պարգեւատրեց բանակային երկրորդ կորպուսի զինծառայողներին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառարման մարմինների աշխատակիցներին, հասրակակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:ՙԽորհրդանշական զինվոր՚ արձանիկներով պարգեւատրվեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:Հանդես գալով հաշվետու զեկուցմամբ՝ Պողոս Պողոսյանը նշեց, որ բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումները 2014 թվականին կատարել են մարտական բոլոր առաջադրանքները, համալրվել անհրաժեշտ նոր զինտեխնիկայով եւ տեխնիկական այլ միջոցներով, բացահայտել եւ վնասազերծել թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն խումբը, մշակել եւ Պաշտպանության նախարարության հաստատմանը ներկայացրել հակառակորդի ոտնձգությունների կանխարգելմանն ուղղված ծրագիր, բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար ձեռնարկել տեսանելի եւ արդյունավետ քայլեր: Կորպուսի հրամանատարը վստահեցրեց, որ 2015 թվականին եւս կշարունակվեն իրենց վստահված սահմանների պաշտպանունակության ամրապնդման, բանակային ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ավելի գործուն քայլեր կձեռնարկվեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, կնվազեն բանակում տեղ գտած արատավոր երեւույթները:
Իր ամփոփիչ ելույթում նախարար Սեյրան Օհանյանը կանգ առավ ինչպես բանակային երկրորդ կորպուսի տարեկան ձեռքբերումների, այնպես էլ Հայոց բանակում արձանագրված հաջողությունների, մարտունակության հետագա բարձրացման, արդիականացման ու հզորացման, բարեփոխումների շարունակման եւ մի շարք առաջնահերթ խնդիրների վրա:ՙԲանակային երկրորդ կորպուսի ջանքերով 2014 թվականին առաջնային գծում ոչ միայն հաջողվել է անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաեւ հայտնաբերել եւ վնասազերծել թշնամու դիվերսիոն խումբը:Մենք անցած տարում կարողացանք հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել, մեր բանակում էականորեն նվազեցնել միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունները կամ ինքնասպանությունները, արատավոր մյուս երեւույթները:Նախորդ տարում մենք գտանք մեր արժանավոր հերոսներին,ներքին եւ համազգային համախմբման համար կայուն հիմքեր ստեղծեցինք: 2015 թվականին մենք առաջնորդվելու ենք ՙԲարեփոխումներին՝ որակական առաջընթաց՚ կարգախոսով,գրանցված հաջողությունները զարգացնելու հավակնոտ ու իրատեսական ծրագրերով՚-նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարը արտաքին սպառնալիքների չեզոքացման կողքին ոչ պակաս կարեւոր համարեց նաեւ արատովոր բարքերը մեր բանակի շարքերից արմատախիլ անելու խնդիրը:ՙՄենք այս տարում էլ մեր բանակի գերակա խնդիրը համարում ենք Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը արտաքին բոլոր սպառնալիքներից, որի համար մշտապես պետք է ունենանք խելամիտ պաշտպանության հայեցակարգ: Մեր առջեւում հակառակորդն է, թիկունքում՝ արատավոր բարքերը: Եթե մենք վերջանականապես ջարդենք մեր թիկունքի թշմանուն, ապա հակառակորդի դեմ շատ ավելի հեշտ է լինելու՚,-շեշտեց նախարարը: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզի ղեկավարությանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ բանակաշինության զարգացմանն ուղղված քայլերին գործուն աջակցությու ցուցաբերելու, հայ զինվորի կողքին կանգնելու, նրան քաջալերելու համար: