Նորություններ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
26.12.2014

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզի տարածքում գործող ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց 2014 թվականի հաջողություններն ու ձեռքբերումները եւ հաջորդ տարում ծրագրված կարեւորագույն անելիքները: Մարզպետը տնտեսական տարվա ձեռքբերումների մեջ առանձնացրեց գյուղատնտեսության ոլորտը, որտեղ գրանցված արդյունքներն աննախադեպ են համարվում վերջին 20 տարիներին գրանցված ցուցանիշների մեջ: Ըստ հաշվետվության մարզի տնտեսություններում արտադրվել է 143 հազար 802 տոննա հացահատիկ, 335 հազար տոննա կարտոֆիլ, կուտակվել 488 հազար տոննա անասնակեր: Անասնագլխաքանակի եւ անասնամթերքների աճ է արձանագրվել 3-5 տոկոսով:ՀՀ կառավարության կողմից իրականացվող ,,Գյուղատնտեսական տարածքների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, շրջանակներում, որն իրականացվել է ավելի քան 20 համայնքներում, նորաստեղծ գյուղացիական կոոպերատիվներին հատկացվել է 51 անիվավոր տրակտոր, 31 միավոր հակավորող մեխանիզմ, 28 խոտհնձիչ, 9 շարքացան, ջրարբիացվել է 15 հազար հեկտար արոտավայր: Ծրագրերը ,,Համաշխարհային բանկի,, ֆինանսավորմամբ իրականացվել են այն համայնքներում, որտեղ ստեղծվել են գյուղացիական կոոպերատիվներ: Մինչեւ եկող տարվա կեսերը ՀՀ Ազգային ժողովը կընդունի ,,Գյուղացիական կոոպերատիվների մասին,, օրենքը, որով ավելի կհստակեցվի դրանց դերակատարությունը, իսկ ,,Գյուղատնտեսական տարածքների կառավարման եւ մրցունակության ծրագիրը,, մեր մարզում կշարունակվի 2015-17 թվականների ընթացքում՝ ընդգրկելով նոր համայնքներ:Նույն ծրագրի հերթական փուլերում նախատեսվում է սպանդանոցների եւ գյուղմթերքների վերամշակման փոքր արտադրամասեր,, ,-նշեց Ռաֆիկ Գրիգորյանը:
2015 թվականին մարզպետարանի ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ մարզի առողջապահական հաստատությունների արդիականացման եւ վերազինման խնդիրները: Մարզպետի հավաստմամբ՝ մինչեւ 2015 թվականի հունիս-հուլիս ամիսները կավարտվի Ճամբարակի առողջության կենտրոնի հիմնանորոգումն ու կահավորումը, իսկ եկող տարվա ընթացքում սկսվելու է Սեւանի հիվանդանոցի հիմնանորոգման եւ վերազինման ծրագիրը, որն արդեն հաստատվել է ,,Համաշխարհային բանկի,, կողմից: Ֆրանսիայի Հանրապետության ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, կազմակերպության աջակցությամբ կշարունակվեն առողջապահական ծրագրերը նախ ճամբարակի, ապա՝ Վարդենիսի տարածքի գյուղական համայների բուժկետերում:
Քաղաքաշինության բնագավառում 2014 թվականին պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին մարզի համայնքերում իրականացվել է կենսական կարեւոր նշանակության 22 ծրագիր, որտեղ ներդրված գումարի չափը կազմել է մինչեւ 800 միլիոն դրամ: Բացի այդ, պետբյուջեից հատկացված միջոցներով հիմնանորոգվել է դպրոցական 8 մասնաշենք, կառուցվել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի՝ Գեղարքունիքի մարզով անցնող ավելի քան 10 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, ասֆալտապատվել Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, ներհամայնքային կամ համայնքներ մտնող ճանապարհներ Երանոսում, Ձորագյուղում, Նորատուսում, Վարսերում, Լճափում, Վերին Գետաշենում, Սեւան եւ Վարդենիս քաղաքներում: Եկող տարվա ընթացքում պետբյուջեից տրամադրված 500 միլիոն դրամի հաշվին պետք է հիմնանորոգվի մայրուղուց Գավառ քաղաք մտնող ավտոճանապարհը, ներհամայնքային կամ միջհամայնքային այլ կարեւոր ճանապարհներ, միջոցներ պետք է որոնվեն Վարդենիս-Շորժա միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումն իրականացնելու համար:2015 թվականին նախատեսված է պետբյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել մարզի կրթական 10 հաստատություններում: Ավարտին կհասվեն Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակի կառուցման և Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները: Եկող տարվա ընթացքում ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ պատվիրատվությամբ Սևան քաղաքում կկառուցվի մաքրման կայան և կոյուղու կոլեկտորի արտաքին ցանց:
Մարզպետը լուրջ ձեռքբերում համարեց նաեւ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշը: ,,Դեկտեմբերի 15-ի դրությամբ այն կազմում էր 94,6 տոկոս, իսկ վերջին տաս օրերի ընթացքում եղած մուտքերը համոզում են, որ տարին մենք կփակենք 100 տոկոսանոց արդյունքով, եւ հավաքագրված միջոցները նույնպես կուղղվեն տեղերում կարեւորագույն ու առաջնահերթ խնդիրների լուծմանը,, ,-վստահեցրեց Ռաֆիկ Գրիգորյանը:
Մարզպետն անդրադարձավ նաեւ ՀՀ կառավարության կողմից նախատեսված հրատապ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքներին, հավաստելով, որ կիսատ մնացած աշխատանքները կֆինանսավորվեն եւ կշարունակվեն 2015 թվականի ընթացքում: ՙԿառավարության կողմից ընդունված հրատապ ծրագրերը անցնող տարում ֆինասական հնարավորությունների բացակայության պատճառով մնացին անավարտ: Դրանք կշարուակվեն եկող տարվա ընթացքում՝ կախված բյուջեի հնարավորություններից եւ գտնված միջոցներից: Քաղաքաշինական բազմաթիվ ծրագրեր կիրականացվեն թե քաղաքային, թե գյուղական համայնքներում: Միջոցներ կհատկացվեն քաղաքների բազմաբնակարան շենքերի տանիքիների նորոգման, համայնքների խմելու եւ ոռոգման ջրատարների նորացման կամ կառուցման, կենսական կարեւոր նշանակության այլ խնդիրների լուծման համար,,,-նշեց մարզպետը: Մարզի ղեկավարը եկող տարում մարզի տնտեսության մեջ նշմարելի հաջողություն է սպասում Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցությունից, առավելապես այն հաշվով, որ Գեղարքունիքի մարզի տասնյակ հազարավոր ընտանիքներ արտագնա աշխատանքով են զբաղված ԵՏՄ տարածքում, եւ 2015 թվականից նոր տնտեսական միության աշխատաշուկայում մեր հանրապետության քաղաքացիների համար ստեղծվելու են նոր, իրավահավասար պայմաններ: Մյուս կողմից էլ գյուղմթերքների արտահանման համար ստեղծվելու են լայն հնարավորություններ: ,,Կարծում եմ, որ դրական արդյունքները տեսանելի կլինեն հենց գալիք տարվա առաջին կամ երկրորդ կիսամյակի ընթացքում: Մեր մարզի բնակչությունն էլ հավատով է լցված նոր տնտեսական միության նկատմամբ: Բայց բոլորս պետք է մեր անդուլ աշխատանքով կարողանանք ապահովել մեր տեղն այդ նորաստեղծ միությունում,, ,-իր կարծիքն արտահայտեց մարզպետը: Ասուլիսի ընթացքում մարզպետը պատասխանեց ԶԼՄ-ներկայացուցիչների կողմից տրված բազմաբնույթ հարցերին: Ավարտին Ռաֆիկ Գրիգորյանը շնորհավորեց մարզի ԶԼՄ-ների աշխատակիցների նոր տարին, շնորհակալություն հայտնեց արդյունավետ ու ակտիվ համագործակցության համար: Նրանց միջոցով մարզպետը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ուղերձ հղեց մարզի բնակչությանը: