Նորություններ
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ
05.12.2014

Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրապարակեց բնապահպանության նախարարի՝ ,,Սեւանա լճում եւ լիճ թափվող գետերում այս տարվա դեկտեմբերի 8-25-ը բոլոր ձկնատեսակների եւ խեցգետնի որսն արգելելու մասին,, հրամանը եւ դրանից բխող համատեղ միջոցառումների ծրագիրը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը եւ Կարեն Հակոբյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանը, ՀՀ ոստիկանության Գավառի, Մարտունու, Սեւանի, Ճամբարակի եւ Վարդենիսի բաժինների պետերը, Սեւանի ափամերձ համայնքների ղեկավարները, ՙՍեւան՚ Ազգային պարկ՚-ի եւ տարածքային մասնաճյուղերի պատասխանատուները: Նախարարը նշեց, որ մինչեւ դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում ՙՍեւան՚ Ազգային պարկ՚-ի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային եւ տարածքային ստորաբաժանումների եւ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով Սեւանա լճից դուրս են բերվելու բոլոր որսացանցերն ու լողամիջոցները, լճի ափերից՝ շարժական տնակները, շուրջօրյա հսկողություն է սահմանվելու լճի վրա, շուկաներում կամ այլ վաճառակետերում, պահակակետեր են ստեղծվում ինչպես մայրուղիների առանձին հատվածներում, այնպես էլ՝ լիճ տանող ճանապարհներին եւ գետային ավազաններում: ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ուժերով կարելի է հասնել ցանկալի արդյունքի՝ նվազագույն հասցնելով որսագողությունը: Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն էլ հավաստիացրեց, որ համայնքների ղեկավարների հետ քննարկվել է իրավիճակը և համագործակցված և բացատրական աշխատանքների արդյունքում կարվի հնարավորը , որպեսզի առաջիկա երկու շաբաթներին բացառվեն Սեւանա լճից ձուկ եւ խեցգետին որսալու դեպքերը: