Նորություններ
13 ՀԱՄԱՅՆՔՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ
27.11.2014

Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, հասարակական կազմակերպության ներդրումների հաշվին այս տարի հիմնանորոգվեցին Ճամբարակի տարածք Արտանիշ եւ Թթուջուր համայնքների բուժկետերը: Նոյեմբերի 26-ին հիմնանորոգված կառույցները հանձնվեցին շահագործման: Արարողությանը մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ Պիեռ Չիլլինգերին առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ հանձնեց Արտանիշ, Շորժա, Ջիլ, Դրախտիկ, Աղբերք, Դարանակ, Գետիկ, Մարտունի, Վահան, Կալավան, Ձորավանք, Այգուտ և Անտառամեջ համայնքների բժիշկներին եւ բուժքույրերին: Տնային այցերի ընթացքում բուժքույրերի համար նախատեսված պայուսակները պարունակում են երկու ճնշաչափ, ջերմաչափ, շաքարը չափելու գործիք, հեմոստատիկ երկու վիրակապ, բժշկական մկրատ, նշտար եւ ասեղներ, բժշկական ծածկոցներ եւ փոքրիկ պայուսակներ, որոնք առնվազն երկու ժամ կարող է պահպանել պայուսակում տեղավորված պատվաստանյութերը ու դեղերը: Իսկ ամբուլատորիաների բժիշկների համար նախատեսված պայուսակներում նույն պարագաներն են` և ևս մեկ սարքավորում, որը չափում է շաքարը, խոլեստերինը եւ տրիգլիցերիդները ինչպես արյան մեջ, այնպես էլ բուժման կազմակերպման ընթացքում: Հիմնանորոգված Արտանիշի եւ Թթուջրի բուժկետերը ստացան ջեռուցիչներ, իսկ Արտանիշի բուժկետին տրվեց նաեւ միջնորմ` առաջնային բուժօգնության կազմակերպման առանձնացված տարածք ապահովելու նպատակով: Բուժաշխատողները գտնում են, որ առաջնային բուժօգնության համար նախատեսված պայուսակները շատ անհրաժեշտ են և որոշ ախտորոշումներ պարզելու համար համայնքների բնակիչները ստիպված չեն լինի տասնյակ կիլոմետրեր անցնել: