Նորություններ
,,ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ,, ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
25.11.2014

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ,, Բժշկական օգնություն և զարգացում,, հասարակական կազմակերպությունը մարզում իրականացնում է գյուղական համայնքների բժշկական կենտրոնների վերանորոգման և վերազինման, ինչպես նաեւ բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստման ծրագրեր: 2014 թվականին կազմակերպության ներդրումների հաշվին վերանորոգվել են Ճամբարակի տարածքի Արտանիշ և Թթուջուր համայնքների բուժկետերը:Նոյեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հանդիպման ընթացքում ,, Բժշկական օգնություն և զարգացում,, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ Պիեռ Չիլլինգերը մարզպետին ներկայացրեց իրենց կողմից վերը նշված համայնքների բուժկետերում իրականացրած վերանորոգման աշխատանքների ընթացքը և միաժամանակ տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում այդ կառույցները կհանձնվեն շահագործման: Վերջինիս խոսքով` նույն ժամանակահատվածում Ճամբարակի տարածքի 13 համայնքների բուժկետերին կազմակերպությունը կտրամադրի բժշկական պայուսակներ` հագեցած առաջին բուժօգնության պարագաներով: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական ,, Բժշկական օգնություն և զարգացում,, հասարակական կազմակերպության ղեկավարությանը` մարզի բժշկական կառույցներում կատարված ներդրումների համար, նշելով որ նման ծրագրերը փաստում են երկկողմ փոխհարաբերությունների խորացման մասին: Պիեռ Չիլլինգերը Ռաֆիկ Գրիգորյանի հետ քննարկեց նաև 2015թվականին մարզի որոշ բժշկական կենտրոններում իրականացվող վերանորոգման և վերազինման ծրագրերի մասին: Մարզպետը պատրաստակամություն հայտնեց` աջակցել ֆրանսիական կողմին ինչպես տարածքների տրամադրման, այնպես էլ ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած այլ խնդիրներում: Իսկ շինարարական աշխատանքներում որակյալ արդյունք ապահովելու համար Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց վերահսկողությունը վստահել մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնին: