Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ԿԱՏԱՐԵՑ ՃԱՄԲԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

19.11.2014

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը հերթական աշխատանքային այցով եղավ Ճամբարակի տարածքի Վահան, Թթուջուր, Մարտունի,Գետիկ եւ Այգուտ համայնքներում: Մարզպետը հանդիպեց համայնքների բնակիչների հետ, այցելեց գյուղապետարաններ, բուժկետեր եւ դպրոցներ՝ ծանոթանալով հիմնարկների աշխատանքային առօրյային, հրատապ անելիքներին եւ հիմնախնդիրներին: Թթուջուր, Այգուտ, Մարտունի եւ Գետիկ համայնքներում բնակիչները բարձրացրին վարող թրթուրավոր տրակտորի, հացահատիկային մշակաբույսերի սերմացուի, կաթի եւ մսի իրացման, արոտների ջրարբիացման հետ կապված խնդիրները: Ըստ բնակիչների կողմից ներկայացված տեղեկության՝ որոշ համայնքներում հարյուրավոր հեկտարների հասնող վարելահողեր, տարիներ շարունակ անմշակ մնալով, խոպանացել են, որոնց մշակման համար այժմ ավելի հզոր վարող տեխնիկա է անհրաժեշտ: Տարածքի համայնքներում կաթի մթերումն իրականացնող ՙԱշտարակկաթ՚ ընկերությունը օգոստոս ամսից մինչ օրս չի վճարել շահառու տնտեսություններից գնված կաթի դիմաց: Այգուտում հրատապ խնդիր համարվեց մատչելի գներով բնակիչներին վառելափայտ տրամադրելը եւ խմելու ջրատարի մոտ 8 կիլոմետր երկարության արտաքին ցանցի հիմնանորոգումը, գյուղի որոշ թաղամասերի գազաֆիկացումը, Մարտունիում՝ մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը, դպրոցի սեպտիկ հորի մաքրումը, 7 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի նորոգումը, Թթուջրում՝ մանկապարտեզի բացումը եւ մեկ թաղամասում ջրահեռացման հարցի կարգավորումը: Բոլոր համայնքների բուժկետերը չունեն դեղորայքի պահպանման համար նախատեսված փոքր սառնարաններ: Վահանում առաջնահերթ համարվեց այս տարվա սեպտեմբերին տեղացած կարկտի հետեւանքով գյուղի առանձնատների տանիքներին պատճառված վնասների վերականգնումը, որի ուղղությամբ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հատկացված գումարի շրջանակներում արդեն Վահան է մտել թիթեղի առաջին խմբաքանակը և վահանցիներն հնարավորություն ունեն վերականգնել բնակարաններին պատճառված վնասները: Խնդիր բարձրացվեց նաև ջրամատակարարման արտաքին ցանցի հիմնանորոգման ուղղությամբ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ֆրանսիական ,,AMD,, բժշկական կազմակերպությունն առաջիկա օրերին վերը նշված համայնքների բուժկետերին կտրամադրի բժշկական պայուսակներ`հագեցած առաջին բուժօգնության բոլոր պարագաներով, իսկ հաջորդ տարի ՀՀ կառավարության աջակցությամբ մարզի բոլոր բուժկետերը կստանան դեղորայքի պահպանման համար համապատասխան սառնարաններ: Մարզպետը նշեց նաև, որ գյուղմթերքների իրացման հետ կապված սպասելիքները հուսադրող են, քանի որ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականի հունվարից արդեն համարվում է Եվրասիական Տնտեսական Միության անդամ, որտեղ բոլոր տեսակի գյուղմթերքներն ունենալու են սպառման լայն պահանջարկ եւ եկամտաբերություն, իսկ ՀՀ կառավարությունը շարունակելու է աջակցության այն ծրագրերը, որոնք առկա են գյուղատնտեսության ոլորտում՝ սուբսիդավորված դիզվառելիքի, պարարտանյութերի եւ սերմացուների հատկացում, գյուղատնտեսական վարկերի տրամադրում, գյուղատնտեսական մեքենաների պարկի համալրում եւ թարմացում, ,,Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի,, շրջանակներում անասնամթերքի վերամշակման փոքր ձեռնարկությունների հիմնում: Մարզպետը հորդորեց բնակիչներին՝ գյուղատնտեսությունը դարձնել կայուն եւ եկամտաբեր զբաղմունք, ավելացնել մշակվող վարելահողերի տարածքները եւ անասնագլխաքանակը եւ վստահ լինել, որ կառավարությունն իրենց աջակից կլինի բոլոր հարցերում: Բարձրացված առանձին հարցերի լուծման ուղղությամբ Ռաֆիկ Գրիգորյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: Իսկ հրատապ խնդիրները, որոնք պահանջում են ֆինանսական մեծ միջոցներ, կներկայացվեն ՀՀ կառավարության ուշադրությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-07 13:42:13